Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսում գործող House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Փրայսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրել է նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ու կազմակերպությունների դրական արձագանքները:

Վարուժան Ներսեսյանը և Դեյվիդ Փրայսն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ կոնգրեսի դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում: