Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին հայտնում է, որ Եգիպտոսն այս տարի Աֆրիկյան միության նախագահողն է լինելու և կփորձի հայկական ապրանքները աֆրիկյան մյուս պետություններին ներկայացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Այս տարի՝ 2019 թ. Եգիպտոսը Աֆրիկյան միության նախագահողն է: Եվ մենք կարող ենք աֆրիկյան շուկան հայկական ապրանքների համար ևս բացել: Եգիպտոսը պետք է կենտրոն լինի, որ հայկական ապրանքները աֆրիկյան պետություններին ներկայացնենք»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ դա օգտակար կլինի երկու երկրների համար:
Դեսպանը նաև նշեց՝ մեկ ամիս է, ինչ դեսպան է Հայաստանում, և հանդիպել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ՝ հասկանալու, թե Հայաստանն ինչի կարիք ունի և ինչ կարող է առաջարկել Եգիպտոսին: Այն ապրանքների ցուցակը, որը Հայաստանը կարող է արտահանել Եգիպտոս, դեսպանը դեռ պետք է ստանա: Եվ ինքն էլ իրենց ապրանքների ցուցակը կներկայացնի: Նա վստահեցրեց՝ երբ Հայաստանից Եգիպտոս արտահանման ենթակա բոլոր ապրանքների ցուցակն ունենա, կփորձի աջակցել: