Գուայդո-Մադուրո առճակատումը շարունակվում է Վենեսուելայում

Վենեսուելայում ընդդիմության և անվտանգության ուժերի միջև բախումները մտահոգություններ են առաջացնում փորձագիտական շրջանակներում, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունն այս հարցում չափից դուրս կոշտ է, որը դժվարացնում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը:

Կոլումբիայում օրերս ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդների հանդիպման շրջանակում:

«Մենք հարյուր տոկոսով Ձեզ հետ ենք: Սա է նախագահ Թրամփի ուղերձը նախագահ Գուայդոյին»,- հայտարարել է փոխնագահ Փենսը:

Հանդիպմանը նախորդել էին արյունալի բախումներ, երբ Վենեսուելայի անվտանգության ուժերը կրակ էին բացել ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ, ովքեր փորձում էին ապահովել մարդասիրական օգնության մուտքը երկիր: Արդյունքում գրանցվել է 4 զոհ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

«Այսօր Վենեսուելան շարունակում է առերեսվել մարդասիրական խոշոր ճգնաժամի հետ: Անհրաժեշտ է աջակցություն՝ հասնելու նրան, որ շաբաթ օրը օգնությունը մուտք գործի երկիր»,- ասում է Գուայդոն:

ԱՄՆ և շուրջ 60 երկրներ ճանաչել են Գուայդոյին որպես երկրի անցումային նախագահ այն բանից հետո, երբ Մադուրոն հաղթել էր ընտրություններում, որոնք գնահատվել էին կեղծված:

Վենեսուելայի հետ սահմանին այս պահին կուտակվել է մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն Միացյալ Նահանգներից: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երկրի հիմնական նավթային սեկտորի նկատմամբ և կոչ արել բանակին հրաժարվել Մադուրոյին աջակցելուց:

Սակայն Մադուրոն, ով շարունակում է վայելել բանակի աջակցությունը, օգնությունը գնահատում է որպես իր կառավարության դեմ ուղղված քայլ:

ԱՄՆ-ի վարչակազմի որոշ քննադատներ նշում են, որ ամերիկյան քաղաքականությունը Վենեսուելայում հրահրում է բռնություններ ու բախումներ այստեղ:
«Եթե նրանք չմիջամտեին, այնտեղ կարող էր լինել փոխզիջում բանակցությունների միջոցով: Բայց նրանք դա չեն ուզում »,- նշում է Մարկ Վեյսբրոթը Center for Economic and Policy Research հաստատությունից:

Թրամփի կողմնակիցներն էլ նշում են, որ Վենեսուելայի անվտանգության ուժերն են պատասխանատու բռնությունների և անմեղ սպանությունների համար:

«Զենքը գտնվում է մեկ կողմի ձեռքում, և այդ կողմը Նիկոլաս Մադուրոյի վարչակարգն է»,- նշում է Ռոջեր Նորիեգան՝ Լատինական Ամերիկայի գծով նախկին փոխպետքարտուղարը:

Երկուշաբթի օրը Սպիտակ տունը պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի 4 նահանգապետերի հանդեպ, ովքեր արգելափակել են օգնության մուտքը երկիր: Փոխնախագահ Փենսը կոչ է անում Լատինական Ամերիկայի երկրներին սառեցնել Վենեսուելայի բանկային հաշիվները և մեծացնել դիվանագիտական ճնշումը վերջինիս նկատմամբ: