Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է իր հարևան տարածաշրջաններում առկա քաղաքական և տնտեսական հնարավորությունների հիման վրա, պնդում է քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը, ով օրերս Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնում ներկայացրեց իր և մի շարք այլ փորձագետների հեղինակությամբ «Ռուսաստանն արտասահմանում» աշխատությունը:
Հեղինակի կարծիքով Ռուսաստանն իր հարևան տարածաշրջանների, ներառյալ Հարավային Կովկասի հանդեպ կիրառում է «մասնատված տարածաշրջան» մոտեցումը՝ նպատակ ունենալով պահպանել այդ տարածաշրջանների նկատմամբ իր ազդեցությունն ու խափանել տեղի երկրների ուժեղացումը:
«Մասնատված տարածաշրջան» քաղաքականությունը նման է պատմական «պառակտիր, որ տիրես» մոտեցմանը։ Դա տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության պահպանման պատմական փորձառության կիրառում է, որը բնորոշ է եղել տարբեր կայսրությունների, ներառյալ օսմանյան, ռուսական և խորհրդային» ,- նշում է Աննա Օհանյանը:
Այս քաղաքականության իրականացման ճանապարհին Մոսկվան, ըստ փորձագետի, հիմնվում է հարևան տարածաշրջաններում առկա ներքին և արտաքին հակասությունների, տեղական կոռումպացված շրջանակների, պետական անկատար համակարգի ու ավանդույթների վրա: Սակայն մասնատված տարածաշրջանի հիմքում ընկած է ոչ թե Ռուսաստանը, այլ այդ երկրների ներքին և արտաքին հակասությունները:
«Մասնատված տարածաշրջանները Ռուսաստանին հնարավորություն են տալիս քաղաքական, տնտեսական, սոցիալական, տարածքային ներխուժման»,- ասում է Օհանյանը։
Ռուսաատնի կողմից օգտոգործվող գործիքներից են նաև չկարգավորված հակամարտությունները, որոնք ըստ հեղինակի, ինքնին խոչընդոտ չեն տարածաշրջանային ինտեգրացմանը, սակայն դրանց առկայությունը խորացնում է պառակտվածությունը և խզում գոյություն ունեցող կապերը։
Հեղինակի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ: Նա դրական է համարում հայկական և ադրբեջանական կողմերի ցուցաբերած պատրաստակամությունը ինքնուրույն առանց միջնորդների հանդիպելու վերաբերյալ: Փոփոխություններն անհրաժեշտ են,ըստ նրա, բանակցային ձևաչափում:
«Կարևոր է ներառել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ բանակցություններում: Կարելի է ներառել նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին»,- գտնում է Օհանյանը:
Խոսելով Ռուսաստանի հարևանությամբ տեղի ունեցած հեղափոխական գործընթացների մասին՝ նա ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերն այդ հեղափոխական շարժումներում: Ըստ Օհանյանի, գունավոր հեղափոխությունները ժողովրդավարության անցման վաղ շրջանի դրսևորումներ էին և ընթացել էին վերևից՝ ներքև, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ժամանակ էր ունեցել հասունանալու, և դա իր անդրադարձն է ունեցավ հայաստանյան զարգացումների վրա:
«Ես դա չէի կոչի հեղափոխություն ՝ չնայած հայերն այն այդպես են սիրում անվանել: Այն ոչ թե հակադրվել էր պետությանը, այլ ընդհակառակը, միտված էր պաշտպանելու պետական ինստիտուտներն ու սահմանադրականությունը »,- ասում է Օհանյանը:
Անդրադառնալով ընտրությունների կարևորությանը փորձագետն ընդգծում է, որ միայն ընտրությունների անցկացումը բավարար չէ ժողովրդավարական հասարակության կայացման համար: Անհրաժեշտ է նաև հանրային կոնսոլիդացում և կայացած քաղաքացիական հասարակություն:
«Հանրության մշտական մոբիլիզացումը կոնսոլիդացնում է ժողովրդավարությունը երկարաժամկետում»,- փաստում է Օհանյանը: