Թուրքիայում այսօր սննդամթերք է վաճառվում իջեցված գներով: Նախագահ Էրդողանի կողմից նախաձեռնված այս միջոցը աղքատ բնակչության կողմից ընկալվում է որպես մեծ նվիրատվություն:
Ինչպես նրանցից շատերն են ասում, իրենք հաճախ են խանութներից տուն վերադառնում առանց որեւէ բան գնելու: Քանի որ, ասում են նրանք, գները թույլ չեն տալիս:
Անցյալ տարի թուրքական լիրայի արժեզրկումն առաջ բերեց սղաճի մեծ ալիք, ինչի հետեւանքով կտրուկ բարձրացան հատկապես սննդամթերքի գները:
Եվ այսօր, երբ Թուրքիայում մարտ ամսին անցկացվելու են տեղական մարմինների ընտրություններ, նախագահ Էրդողանը քաղաքական արշավի ժամանակ հիմնականում կենտրոնանում է սնունդ առաքող ու սնունդ վաճառող ընկերություններին քննադատելու վրա: Էրդողանը նրանց ‘’սննդի ահաբեկիչներ’’ է անվանում:
Այդ պատճառով սուպերմակետների շղթաները, հետաքննության տակ հայտնվելու վտանգից խուսափելու համար, ասում են, թե սննդամթերքը սկսել են վաճառել իրենց արժեքից ցածր գներով:
Օրինակ, ցուցատախտակի վրա գրված է, որ կարտոֆիլը, որն իրականում արժի հինգ լիրա, վաճառվում է երկու լիրայով:
Ինչ վերաբերում է փոքր խանութներին, ապա նրանք այդ քայլին գնալ չեն կարողանում: Իսկ այն փաստը, որ պետությունը օրինակ կարտոֆիլը գնում է երեք ու կես լիրայով ու վաճառում երկուսով, մեծ վտանգի տակ է դնում հատկապես փոքր խանութներին:
Դրա արդյունքում վերջին մի քանի օրերի ընթացքում գներն անկում են ապրել, ինչը ժողովրդի մոտ առաջ է բերել գոհունակության զգացում:
Իսկ Էրդողանի համար սննդամթերքի գների նվազումն գոհացուցիչ է քաղաքական դրդապատճառներով: Չէ որ գների արհեստական անկումը կարող է ձայների արհեստական աճ գրանցել եկող ամսվա տեղական մարմինների ընտրություններում: