Պյոտր Սվիտալսկին ՀՀ-ԵՄ հարաբերություններում դրական դինամիկա է արձանագրում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ու Եվրամիության երկխոսության դրական դինամիկա է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սվիտալսկին հայտնեց փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք այս տարին սկսել ենք շատ բարձր քաղաքական նոտայով: Հանձնակատար Հանի այցը շատ հաջող անցավ: Մենք պատրաստվում ենք շատ ինտենսիվ օրացուցային շարքի ու միջոցառումների: Առաջիկա ամիսներին ևս բարձր մակարդակի այցեր են նախատեսվում: Սա ցույց է տալիս, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական: Մեծ է դինամիկան մեր հարաբերություններում»,- ասաց Սվիտալսկին:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին` դեսպանը նշեց, որ դրա շրջանակներում ևս շատ շուտով Բրյուսելում ու Երևանում ենթահանձնաժողովների մակարդակով հանդիպումներ պետք է տեղի ունենան:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է այն: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով Հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստան է այցելել հունվարի վերջին: Տարբեր հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ օրակարգը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` որպես երկկողմ հարաբերությունները կարգավորող էական իրավական հիմքի կարևորությունը: