Ամերիկահայ գործարարների միությունն ընդլայնում է իր գործունեությունը

Արարատ Ստեփանյան ու Լևոն Անդոնյան

Մայրաքաղաքում և դրա շրջակայքում գործող ՝՝Արարատ՛՛ գործարար ցանցը ազդարարել է Վիրջինիա նահանգում մասնաճյուղ հիմնադրելու մասին: Երեք տարի գործող այս կառույցը ընդլայնում է իր աշխարհագրությունը:

«Մեր գաղափարն այն է, որ մերժենք այն մոտեցումը, թե հայերի հետ դժվար է բիզնես վարել Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ, այս ուղղությամբ բավականին հաջողությունների հասանք», ասում է Արարատ բիզնես ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Արշակ Սարգսյանը Վիրջինիա նահանգում կազմակերպության մասնաճյուղի հիմնադրման առիթով կազմակերպված միջոցառմանը:

Մայրաքաղաք Վաշինգտոնում և դրա շրջակայքում գործող ամերիկահայ գործարարների այս միությունը աստիճանաբար ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր շրջանակներ:

«Մենք փորձում ենք հիմնել ավելի մեծ խումբ, որը կընդգրկի Վիրջինիայի, Մերիլանդի և մայրաքաղաք Վաշինգտոնի տարածքը՝ օժանդակելով հայ գործարարներին»,- ասում է ամերիկահայ գործարար Լևոն Անտոնյանը:

Միջոցառման մասնակից ամերիկահայ գործարարներն ընդգծում են ցանցի կարևորությունը: Գործարար ակտիվությունից մինչև հայրենակիցների հետ շփման հնարավորություն և նոր կապերի հաստատում. նախաձեռնությանը մասնակցելու դրդապատճառները բազմազան են:

«Երեսուն տարի առաջ որպես գաղթական եկել ենք այստեղ, և առաջին իսկ օրից զգացել ենք մեր հայրենակիցների հետ շփվելու և միասնաբար բիզնես գործունեություն ծավալելու կարիք»,- նշում է գործարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Շատ լավ տպավորություն եմ ստացել այս հավաքից: Կարծում եմ այս նախաձեռնությունը չափազանց օգտակար է Վիրջինիա նահանգի ամերիկահայ գործարարների համար»,- ասում է միջոցառման մասնակից ամերիկահայ գործարար Աննա Հոլը:

Միջոցառմանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության դիվանագետները ևս կարևորեցին ձեռնարկի հաջող ընթացքը՝ ընդգծելով ամերիկահայ գործարար շրջանակների հետ Հայաստանի կապերի էլ ավելի ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:

՝՝Արարատ՛՛ բիզնես ցանցը գործում է արդեն 3 տարի: Հետագա նպատակներից են ցանցի գործունեության ընդլայնումն ու նոր նահանգների ու հարևան երկրների ընդգրկումը:

«Մեր նպատակն է անդամների թիվը մեծացնել՝ հասցնելով 100-120-ի: Մենք գործում ենք Մերիլենդ նահանգում։ Այս մասնաճյուղը կգործի Վիրջինիայում և հավանաբար կբացենք ևս մեկ մասնաճյուղ Նյու Ջերսիում: Այնուհետև կքննարկենք Կանադայում մեր մասնաճյուղը բացելու հարցը, ուր ևս մեծ հետաքրքրություն կա մեր այս նախաձեռնության նկատմամբ»,- հայտնում է Սարգսյանը:

Համահիմնադիր Արշակ Սարգսյանն ընդգծում է, որ որակյալ բիզնես ծառայության մատուցումը իրենց կազմակերպության հիմքում է: Բիզնեսի կանոնները գործում են բոլորի համար:

«Եթե ինչ որ անդամի բիզնես առաջարկ ենք անում, ապա անպայման հետևում ենք, որ այդ գործը առաջ գնա և հաճախորդը որևէ գանգատ չունենա: Եթե կան գանգատներ, թերությունները անմիջապես պետք է շտկվեն»,- ընդգծում է համահիմնադիրը:

Գործարար ցանց ստեղծելու հետ մեկտեղ նախաձեռնությունը իր կապը չի կորցնում Հայաստանի հետ: Ամերիկահայ այս գործարար միության անդամների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում իրականացվում են մի շարք մարդասիրական ծրագրեր: