Վենեսուելայի ու Կոլումբիայի սահմանին կուտակվել են մարդասիրական օգնությամբ բեռնված բազմաթիվ բեռնատարներ, սակայն վենեսուելացի զինվորականները թույլ չեն տալիս, որ բեռնատարները մուտք գործեն երկիր:
«Մեզ հարցնում են՝ ինչպես ենք պատրաստվում մարդասիրական օգնությունը հասցնել մարդկանց: Ինչպես ենք հատելու սահմանը: Մարդկանց, շատ մարդկանց շնորհիվ: Անհրաժեշտ են խաղաղ կազմակերպված բողոքի ցույցեր, որոնք զինվորականությանը կփոխանցեն մարդկանց ուղերձը»,- ասում է Կոլումբիայում անցումային նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Լեսթեր Թոլեդոն:
Մադուրոյի իշխանության օրոք երկրի տնտեսությունը անկում ապրեց , որի արդյունքում շատ վենեսուելացիներ լքեցին երկիրը:
«Այսօր Վենեսուելայի փախստականները երկրորդ ամենախոշոր խումբն են Սիրիայից հետո»,- նշում է Դեյվիդ Սմոլանսկին՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վենեսուելացի փախստականների գծով աշխատանքային խմբի անդամը:
Մադուրոն պնդում է, որ երկիրը կարիք չունի մարդասիրական օգնության, և այս ամենը հեղաշրջման փորձ է:
«Այսօր ԱՄՆ-ի նախագահը կրկին սպառնացել է ռազմական ներխուժմամբ Վենեսուելա, և ես համերաշխության կոչով դիում եմ ամբողջ աշխարհին օգնելու մեզ շարունակել «Դոնալդ Թրա՛մփ, ձեռքերդ հեռու Վենեսուելայից» քարոզարշավը»,- հայտարարել է Մադուրոն:
Մադուրոյի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կոլումբիայի նախագահի հետ: Հիշեցնենք, որ Կոլւմբիան և 40 այլ երկրներ Վենեսուելայի անցումային նախագահ են ճանաչել Խուան Գուայդոյին:
«Նախագահ Թրամփի հետ մենք կիսվել ենք այս նպատակով, որ Վենեսուելան պետք է ազատ լինի բռնակալությունից: Այդ նպատակը կիսում են տարածաշրջանի երկրների մեծ մասը և Եվրամիության երկրները »,- հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Մարքեզը:
Մադուրոն շարունակում է վերահսկել զինվորականությանն ու մի շարք պաշտոնյաների, ներառյալ գլխավոր դատախազ Թարեք Վիլիամ Սաաբին: Վերջինս հաղորդել է, որ մի շարք քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր անօրինական նշանակում ստանալու մեղադրանքով:
Նախագահ Թրամփն իր հերթին զգուշացրել է Մադուրոյին, որ ԱՄՆ կարող է ռազմական ուժ կիրառել: Նախագահն ընդգծել է, որ դա Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման տարբերակներից մեկն է: