Airbus-ը դադարեցնում է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը

Եվրոպական Airbus ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականին դադարեցնելու է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը: Ինքնաթիռի արտադրությունը դադարելու է արաբական Emirates Airlines ընկերության որոշման պատճառով, որը նախատեսում է հրաժարվել հսկա ինքնաթիռից:

500 ուղեւորների համար նախատեսված երկհարկանի A380 ինքնաթիռի արտադրությունը սկսվել էր 2008-ին որպես մեկ այլ հսկա՝ Boeing 747-ի հիմնական, առավել առաջատար մրցակից: Ավիաընկերությունները սակայն նախընտրեցին ավելի փոքր ինքնաթիռներ գնել, քանի որ A380 օդանավն այնքան մեծ էր, որ այն ընդունող օդանավակայաններին անհրաժեշտ էր նոր տերմինալներ կառուցել: Մասնագետների խոսքով, A380 օդանավի արտադրության դադարեցման հետեւանքով աշխատանքից կզրկվի շուրջ 3000 մարդ: