Նախագահ Թրամփը նախատեսում է այցելել Թեքսաս նահանգի սահմանային գոտի: Այցելությունը համընկնում է նախագահի առաջ քաշած վերջնաժամկետի հետ՝ կապված սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ քաղաքական ուժերի համաձայնության հետ, որի բացակայությունը կարող է կրկին հանգեցնել կառավարության ֆինանսավորման դադարեցման:
Նախագահի հարյուրավոր կողմնակիցներ կիրակի օրը հավաքվել էին սահմանային գոտում՝ կազմելով մարդկանցից բաղկացած շղթա: Նրանց պահանջն է կառուցել պատը:
«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի ուշադրությունը հրավիրենք այն փաստին, որ այստեղ չկա պատ: Մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը և այս մարդիկ պետք է ապրեն խաղաղության պայմաններում: Մարդկանց անօրինական տեղափոխումն ու թմրանյութերի ներթափանցումը խաթարում են նրանց խաղաղությունը» ,- նշեց Թեքսասի բնակիչ Էնթոնի Ագուերոն:
ԱՄՆ-ի հարավային սահմանին պատնեշի կառուցումը շարունակում է մնալ ամերիկյան քաղաքական դաշտի հիմնական խնդիր, որի շուրջ քաղաքական ուժերը չունեն համաձայնություն: Նախագահը պահանջում է տրամադրել 5,7 միլիարդ դոլար, իսկ ընդդիմադիր դեմոկրատները պատրաստ են տրամադրել որոշ գումար, սակայն ոչ այդ չափի:
Թրամփը չի բացառել կառավարության երկրորդ փակումը: Նա կարող է կրկին փակել այն, եթե համաձայնությունը չպարունակի սահմանային պատի կառուցման դրույթ: