ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային խնդիրների կարգավորման հարցում: Նա ընդգծել է, որ հաջողության պարագայում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կկնքվի նոր պայմանագիր, որը երբևէ կնքված ամենամեծ պայմանագրերից է լինելու:
Թրամփը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ և առևտրի հարցերով գլխավոր բանակցող Լիու Հեին, ում հետ քննարկել է Վաշինգտոնի դժգոհությունը, առ այն որ Չինաստանը սահմանափակել է չինական շուկա մուտքը՝ ստիպելով ամերիկյան ընկերություններին տեխնոլոգիաները փոխանցել չինական ընկերություններին:
Այդ ընթացքում ԱՄՆ-ի դատախազությունը գործ է հարուցել չինական Հուվաի ընկերության ղեկավար Մենգ Վանժոուի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Իրանի դեմ խախտելու մեղադրանքով:
«Իրենց սեական ռոբոտն արտադրելու ընթացքում կազմակերպության ճարտարագետները խախտել են T-Mobile ընկերության հետ գաղտնիության ապահովման պայմանագիրը՝ գաղտնի նկարահանելով ռոբոտը և անգամ գողանալով այն»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Մեթյու Վայթեյքերը:
Պեկինը իր հերթին կոչ է արել դադարեցնել անհիմն ճնշումները չինական ընկերությունների դեմ, սակայն Սպիտակ տունը նշում է, որ այդ զարգացումները կապ չունեն երկրների միջև առևտրային բարդ հարաբերությունների հետ:
Վերլուծաբանները կարծում են, որ նախագահ Թրամփը հույս ունի, որ իր անձնական հարաբերությունները Չինաստանի նախագահի հետ կարող է նպաստել նոր համաձայնագրի կնքմանը:
«Չինաստանի հետ առևտրային հարցերի բանակցությունը տարբերվում է անշարժ գույքի կամ այլ բիզնեսի շուրջ բանակցություններից, ուստի երբ նախօրոք չես պատրաստվում, կարող ես դժվարություններ ունենալ, հատկապես , երբ առկա է նման բացասական դինամիկա հարաբերություններում»,- ասում է Ամերիկյան համալսարանից Դեյվիդ Բարքերը:
Եթե մինչև մարտի 1-ը կողմերը չհասնեն համաձայնության, ապա ԱՄՆ խոսատացել է բարձրացնել սակագները և դրանք 10 տոկոսից հասցնել 25 տոկոսի շուրջ 200 միլիարդ դոլարի ապրանքատեսակների վրա:
Նախագահը նաև սպառնացել է բարձարցնել սակագները 267 միլիարդ դոլարի չինական ապրանքատեսակների վրա: