Լինում են պահեր, որոնք արմատապես փոխում են մարդու ճակատագիրը, ապրումներ, որոնցից հետո անհնար է վերադառնալ կյանքի նախկին ընթացքին: Նման պահ վերապրեց Թուրքիայի հայ լրագրող Հայկո Բաղդատը, երբ 2007-ի հունվարի վերջին հրաժեշտն էր տալիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին: «Ագոս»-ի խմբագրի սպանությունից հետո բազմահազարանոց հուղարկավորության ժամանակ հայ համայնքը որոշել էր, որ Դինքի դին տեղափոխող ավտոմեքենայում եկեղեցականի եւ վարորդի հետ միասին պետք է նստեր երկու հայ երիտասարդ.
«Այն երկու երիտասարդը հուղարկավորությանը եկած 200,000 հազար մարդու դեմ առ դեմ եկան, եւ այդ երկու հոգին, որ նստած էին ավտոմեքենայում, երբ ամեն ինչը վերջացավ, այլեւս չկարողացան շարունակել իրենց կյանքը նույն կերպ: Նրանցից մեկը Գարո Փայլանն էր, մյուսը՝ ես եմ»:
Իր լրագրողական գործունեության պատճառով Հայկո Բաղդատը բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո ստիպված է լինում լքել Թուրքիան եւ տեղափոխվել Գերմանիա: Այսօր 43-ամյա լրագրողն, ով ունի սոցցանցերում գրեթե մեկ միլիոն հետեւորդ, զբաղվում է նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքներով:
Վաշինգտոնի Սբ. Աստվածածին եկեղեցու կենտրոնում Հայկոյին դիմավորեցին ինչպես հարազատի: Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, Հայկո Բաղդատն իր մեջ մարմնավորում է Թուրքիայի հայ համայնքի լավագույն հատկանիշները.
«Հայկոյի կամ Գարո Փայլանի նման մարդիկ ինձ հիշեցնում են 1915 թվականից առաջվա հայ մտավորականների: Այդպիսին էին Գրիգոր Զոհրաբը եւ իր ընկերները՝ անլռելի եւ անվախ»:
Հանդիպմանը եկած Վաշինգտոնի հայ եւ քուրդ համայնքների հետ Հայկո Բաղդատը խոսեց այսօրվա Թուրքիայում վատթարացող մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի հայ համայնքի մասին.
«Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիկտատորի վերածվեց: 10 տարվա առաջվա ժողովրդավարությունը չկա եւ Էրդողանը չի կարող ժողովրդավար ճանապարհով վերընտրվել»:
Առանձնակի ուրախության առարկա են լրագրողի համար Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունն» ու ժողովրդավարացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանին Հայկո Բաղդատը մաղթում է հաջողություն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում, «եթե հաջողվի» ավելացնում է նա: