«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հունվարի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել են համատեղ միջոցառում, ուր քննարկվեցին Հայաստանում ներդրումների և նորարարությունների միջոցով՝ կայուն զարգացմանը հասնելու հետ կապված հարցեր ։
«Հանրօգուտ գաղափարներ. Ներգրավել ներդրումներ կայուն զարգացման նպատակների համար» թեմայի ներքո քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ երկրների եւ կազմակերպության համակարգի ներկայացուցիչներ, մի շարք բարերարներ, ներդրողներ, քաղաքացիական հասարակության, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին այն ուղիների շուրջ, որոնք թույլ կտան միավորել ջանքերն ու արագացնել գործընթացը, ինչպես նաև կիրառել նորարարությունները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Ըստ IDeA հիմնադրամի, առաջարկվող 17 նպատակները համահունչ են ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ մինչև 2030 թվականը գլոբալ փոփոխություններ իրականացնելու օրակարգի հետ: Հիմնադրամն ընդգծում է, որ այս նպատակները պահանջում են նոր մոտեցումներ եւ նորարարական լուծումներ, որոնք կհանգեցնեն սոցիալական փոփոխությունների, իսկ կայուն զարգացման ֆինանսավորումը պահանջում է գործողություններ և ջանքեր տարբեր շրջանակների կողմից, որոնց թվում են ազգային կառավարությունները, որոնք օգնում են ստեղծել ֆինանսավորման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր, մասնավոր ոլորտը, որը ներգրավում է երկարաժամկետ ներդրումներ, եւ նորարարություններ առաջարկողները, որոնք առաջ են քաշում կայուն զարգացման նպատակներին հասնելու նոր լուծումներ:
Միջոցառումը մեկնարկեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ողջույնի խոսքով: Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ նա կարեւորեց նախաձեռնությունը և ընդգծեց պատրաստակամությունը հետագա համագործակցության համար: Իր ելույթին հաջորդեց ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ինգա Ռոնդա Քինգի ելույթը:
Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ IDeA հիմնադրամի և սփյուռքահայ կառույցների հնարավոր դերակատարությանը՝ գործարար լուծումների / նորարարությունների ընդլայնման, արդյունավետ համագործակցության խորացման եւ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Միջոցառման հիմնական բանախոսներից էր IDEA հիմնադրամի խորհրդի անդամ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, ով իր ելույթում ևս ընդգծեց հայկական սփյուռքի ներգրավվածության կարեւորությանը կայուն զարգացման ապահովման հարցում, ինչպես նաև անդրադարձավ IDeA հիմնադրամի գործունեությանն այդ ասպարեզում:
Իր հերթին IDEA հիմնադրամի և «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում ընդգծեց հիմնադրամի պատրաստակամությունը շարունակել իր աշխատանքները կայուն զարգացման ապահովման ուղղությամբ՝ համագործակցելով կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ այլ գործընկերների հետ: