Հայաստան համահայկական հիմնադրամը նախատեսում է արմատապես վերափոխվել

Հայաստան համահայկական հիմնադրամն անցնում է արմատական փոփոխությունների շրջանով: Փոխվելու է ամեն ինչը՝ մոտեցումից ու փիլիսոփայությունից մինչեւ կայքէջ ու ապրանքանիշ: Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը.

«Մենք ցանկանում ենք Սփյուռքի միտքը բերել Հայաստան»:

Նրա խոսքով երկրում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» եզակի հնարավորություն տվեց կառուցելու նոր Հայաստան, Հայաստան, որտեղ առաջնահերթ կլինի գաղափարը.

«Կարծում եմ, հիմնադրամի նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել միտք արտադրող, միտք ստեղծող երկիր, որպեսզի, երբ ասենք հայ, Հայաստան, այն բրենդ լինի մտքի, խելքի, մտքի թռիչքի, նորարարությունների»:

Հենց այդ գաղափարի իրականացմանն ըստ նոր գործադիր տնօրենի պետք է ծառայի նաեւ հիմնադրամը, որի հավակնոտ ծրագրերը կարող են իրականանալ միայն նվիրատուների առջեւ թափանցիկ եւ վստահելի լինելու պարագայում.

«Ցանկացած հայ, ցանկացած Հայաստանի քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե հիմնադրամին տված մեկ լուման, մեկ դոլարը որտեղ են ծախսվել»:

Արշամյանի խոսքով, հոկտեմբերի մեկից հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալուց ի վեր նա զբաղված է եղել ոչ թե իր ուղղակի պարտականություններով այլ ճգնաժամային կառավարմամբ, նախկին բացթողումները հաղթահարելու նպատակով: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում հնարավոր եղավ կարգավորել հիմնադրամի գրասենյակների հետ կապված խնդիրները, իսկ Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը դեռ առջեւում է.

«Ռուսաստանի հայերի հետ պետք է ուրիշ կերպ աշխատել»:

Հիմնադրամը նախատեսում է մոտ ժամանակներում Հայաստանում համաժողով կազմակերպել հենց Ռուսաստանի հայ համայնքի համար.

«Ռուսաստանի հայերի համար մեծ ֆորում պետք է կազմակերպվի՝ հատուկ իրենց համար, որին կմասնակցի 300-500 մարդ, նաեւ նոր մարդիկ, որովհետեւ միշտ տեսնում ենք այնտեղից միայն նույն 5-10-15 մարդկանց»:

Միջոցառմանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն իր կողմից ընդգծեց, որ հիմնադրամը լուծում է ներառականության կարեւորագույն խնդիրը: Խնդիր, որն ավելի կարեւոր է, քան նվիրատվությունները.

«Այդ դրամն ընդամենը մի միջոց է, որով նրանք իրենց սերն են փոխանցում Հայաստանին: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ այդ սերը, այդ ուշադրությունը, այդ ջերմությունը մշտապես պահպանվեն»: