Ինչու են ապաստան փնտրողները գալիս Մեծ Բրիտանիա Ֆրանսիայից

Մեծ Բրիտանիայում գրանցվել է ներգաղթյալների կողմից անօրինական մուտք գործելու փորձերի աճ: Վերջիններս Մեծ Բրիտանիայի տարածք են փորձում ներթափանցել Ֆրանսիայից Անգլիական նեղուցի միջոցով:

Մեծ Բրիտանիայում արձանագրվում է անօրինական ներգաղթյալների հոսքի մեծացում, որոնք այստեղ են փորձում գալ Ֆրանսիայից Անգլիական նեղուցով։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի մոտ սույն փաստը տարակուսանք է առաջացնում:

«Եթե սովորական ապաստան փնտրող ես, ապա ինչու՞ չես հաստատվում այն անվտանգ երկրում, ուր ժամանել ես սկզբից: Ֆրանսիան որևէ կերպ չի կարող լինել ոչ անվտանգ երկիր»,- ասում է ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը։

Ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 400 ներգաղթյալներ փորձել են ներթափանցել Մեծ Բրիտանիա Լա Մանշի նեղուցով վերջին երեք ամիսների ընթացքում: Նրանց մեծ մասը Իրանից են:

Այս նավարկությունն այդքան էլ անվտանգ չէ, քանի որ նեղուցով են անցնում բազմաթիվ խոշոր նավեր, որոնք մեծ ալիքներ են առաջացնում:

Նախկինում անօրինական ներգաղթյալները խուսափում էին փոքր նավակների միջոցով անցնել Լա Մանշը՝ նախընտրելով ինքնաթիռով ժամանումը կամ բեռնատարների մեջ թաքնվելը: Փորձագետների կարծիքով ֆրանսիական իշխանությունների վերահսկողության ուժեղացումը հանգեցրել է նրան, որ ներգաղթյալները փորձում են Մեծ Բրիտանիա ներթափանցել Լա Մանշի միջոցով:

Նուրուլհադի Օրիահեյլը աֆղանստանցի ներգաղթյալ է, ով հեռացել է Աֆղանստանից Թալիբան շարժման պատճառով և ստացել ապաստան Մեծ Բրիտանիայում: Նա այստեղ է ժամանել սառնարան-բեռնատարի մեջ թաքնված, երբ 16 տարեկան էր: Նրան հայտնաբերել է ոստիկանությունը, սակայն Օրիահեյլին ստացել է ապաստան:

Այս հարցում նրան օգնել էր Kent Refugee Action ցանցը, որը օգնում է անչափահաս ներգաթյալներին, ովքեր այստեղ են գալիս առանց իրենց ծնորղների՝նրանց տրամադրելով կացարան, կրթություն և կեցության համար կարեւոր այլ միջոցներ։

Կազմակերպության ներկայացուցիչ Բրիջիթ Չափմանը կառավարությանը մեղադրում է խնդիրը քաղաքականացնելու մեջ՝ մի կողմ դնելով խնդրի մարդասիրական բնույթը: Նա նաև քննադատում է իշխանություններին կոշտ հակամիջոցներ ձեռնարկելու հարցում ընդդեմ նեղոցով ժամանող ներգաղթյալների:

Կառավարությունն իր հերթին հերքում է մեղադրանքները՝ ընդգծելով նման հակամիջոցների անհրաժեշտությունն անօրինական ներգաղթ կազմակերպողների դեմ պայքարում: