Վաշինգտոնը հայտնվել է բնական ու քաղաքական ձյան շերտի տակ

Your browser doesn’t support HTML5

Ձյան հաստ շերտը ծածկել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը: Նման դեպքերում փակվում են դաշնային հաստատությունները: Սակայն այսօր դրա կարիքը չկա, քանի որ դաշնային հաստատությունները փակ են արդեն չորրորդ շաբաթը: Կառավարության դադարն ավարտելու ջանքերն էլ սառել են այնպես, ինչպես մայրաքաղաքի փողոցները:


Հարցումները ցույց են տալիս, որ դաշնային հաստատությունները փակ մնալու մեջ ամերիկացիների մեծամասնությունն ավելի շատ մեղադրում է նախագահ Թրամփին, քան դեմոկրատներին, որոնք դեմ են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահի ծրագրին, ինչի արդյունքում էլ, բյուջեն չհաստատվելու պատճառով, փակվել են դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունները:

Թրամփն ակնարկել է, որ կարող է շրջանցել Կոնգրեսին ու, արտակարգ իրավիճակ հայտարարելով, ֆոնդեր հատկացնել պատի կառուցման համար` դրանք դաշնային այլ ծրագրերից վերցնելով: Դեմոկրատները շարունակում են պնդել, որ չկա արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք, եւ հայտարարում են, թե դաշնային հաստատությունները վերաբացվելուց հետո իրենք պատրաստ են քննարկել ԱՄՆ-Մեքսիկա սահմանն ավելի արդյունավետ եղանակով հսկելու եղանակները:

‘’Ժամանակին մենք արտակարգ իրավիճակ հայտարարելու արտոնություն տվեցինք նախագահ Ջորջ Բուշին սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ու դա արեցինք երկու կուսակցությունների համաձայնությամբ: Սակայն դեմ ենք, որ այս նախագահը արտակարգ իրավիճակ հայտարարի Կոնգրեսի հետ ամեն անգամ համաձայնության չգալու պարագայում’’, ասում է դեմոկրատ սենատոր Դիք Դըրբինը:
Հանրապետականներից շատերը նույնպես գտնում են, որ արտակարգ իրավիճակ հայտարարելը կլիներ սխալ քայլ, սակայն, ինչպես նրանցից Ստիվ Սկելայսն է ասում, մեղավորը դեմոկրատներն են, որոնք չեն համաձայնվում քննարկել ծախսումների մասին որեւէ փաթեթ, որն ընդգրկում է պատի մասին կետ:

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն ասել է, թե ներկա պահին չի ծրագրում հայտարարել արտակարգ իրավիճակ: Փոխարենը նա պահանջում է, որ ընդդիմադիր դեմոկրատները համաձայնվեն ֆինանսավորել պատի կառուցումը:

Նա մերժել է իր կուսակից սենատոր Լինդզի Գրեհեմի հորդորը, որը կոչ էր արել երեք շաբաթով վերաբացել դաշնային հաստատությունները եւ 3200 կիլոմետրանոց պատի շուրջ բանակցություններ անցկացնել դեմոկրատների ղեկավարների հետ:

‘’Դա ինձ չի հետաքրքրում’’, պատասխանել էր Թրամփը: