Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի (Economist Intelligence Unit - EIU) «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցում, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը, ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և կրկին դասակարգվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Այս կատեգորիայում Հայաստանը 2017 թվականի 4.11 ցուցանիշը հասցրել է 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդը:
Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։
Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։