Հռոմի Ֆրանցիսկոս Պապը զգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներում գլուխ են բարձրացրել ծայրահեղ ազգայնական և պոպուլիստական շարժումներ՝ ընդգծելով, որ ներգաղթի հետ կապված ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել միակողմանի կամ մեկուսացված լուծումների միջոցով:
«Կարծում եմ՝ կարևոր է, որ պետությունների միջեւ ընթանան հանգիստ եւ կառուցողական քննարկումներ: Ակնհայտ է որ մուտք են գործել բարդ ժամանակաշրջան որտեղ առկա են ազգայնական միտումներ, դրանք հակասում են միջազգային կազմակերպությունների կոչերին`երկրների միջև երկխոսություն ծավալելու վերաբերյալ»,- հայտարարել է Հռոմի Պապը:
Իր ելույթի ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել ոչ միայն փախստականների, այլև ներգաղթյալների իրավունքները:
Նա նշել է, որ ներգաղթի խնդիրն առաջացնում է մտահոգություններ և հանգեցնում Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի կառավարությունների միակողմանի քայլերի:
«Սակայն ես չեմ կարծում, որ նման ունիվերսալ խնդրի պարագայում կարող են լինել մասնակի լուծումներ: Վերջին իրադարձությունները խոսում են միասնական, ընդհանուր, ծրագրավորված արձագանքի անհրաժեշտության մասին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նա կրկին քննադատել է զենքի և սպառազինության վաճառքն ու միջուկային զենքի առկայությունը և կոչ արել միջազգային հանրությանը քաղաքական կարգավորում տալ Սիրիայի ճգնաժամին:
Հռոմի Պապը նաև կոչ է արել ավելի հստակ պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և վերանայել մոտեցումները բնապահպանական հարցերում:
Երեխաների նկատմամաբ սեռական ոտնձգությունը որակելով որպես «մեր ժամանակների չարիքներից մեկը »՝ նա նշել է, որ փետրվարին Վատիկանում սպասվող հիմնական եպիսկոպոսների հավաքին կբացահայտվեն այս հարցում առկա բոլոր փաստերը՝ բժշկելու բոլոր այն վերքերը, որոնք առաջացել են այս հանցանքի հետեւանքով: