Դեմոկրատ առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Թրամփը սպառնացել է, որ կարող է հայտարարել արտակարգ դրություն և կառուցել պատը առանց Կոնգրեսի համաձայնության:
Հիշեցնենք, որ կառավարության մասնակի փակման արդյունքում շուրջ 800 հազար պետծառայողներ չեն վճարվում, իսկ դաշնային կառավարության մեկ քառորդը չի գործում արդեն երկու շաբաթ:
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատները հանդիպման ժամանակ կոչ են արել նախագահին վերսկսել կառավարության ֆինանսավորումը, որին ի պատասխան, ըստ սենատորի, նախագահը նշել է, որ կառավարությունը կարող է մնալ փակ բավականին երկար ժամանակ:
Նախագահը հաստատել է այս խոսքերը, սակայն դրական է գնահատել հանդիպումը դեմոկրատների հետ:
Իր հերթին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին ընդգծել է, որ դեմոկրատները ներկայացրել են նախագահին իրենց դիրքորոշումը, ըստ որի՝ այս խնդիրը չի կարող ստանալ լուծում փակ կառավարության պայմաններում: Խոսնակն հայտնել է, որ կողմերը համաձայնվել են շարունակել քննարկումներն այս հարցի շուրջ:
Ըստ Ռոյթերս գործակալության և Ipsos-ի անցկացրած հարցումների, հանրության 50 տոկոսը մեղադրում է նախագահ Թրամփին կառավարության ֆինանսավորման դադարեցման մեջ: Հարցման մասնակիցների 7 տոկոսը մեղադրում են այս հարցում հանրապետական օրենսդիրներին, իսկ 32 տոկոսը գտնում են, որ այս իրավիճակում մեղավոր են դեմոկրատ օրենսդիրները: