«Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը վերջին երկու ամիսների ընթացքում լուրջ մարտահրավեր էր Մաքրոնի նախագահության համար: Այն ստիպեց Մաքրոնի վարչակազմին վերանայել բենզինի հարկի բարձրացման վերաբերյալ որոշումը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար:
Նախագահ Մաքրոնը խոստացել է իրականացնել այլ բարեփոխումներ ևս, մասնավորապես գործազրկության նպաստների կամ քաղաքացիական ծառայության ոլորտներում անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա բողոքի շարժումը:
Նախագահ Մաքրոնի վարկանիշը զգալիորեն նվազել է: Ըստ Odoxa and Dentsu խորհրդատվական ընկերության և Ֆիգարո թերթի հարցումների, ֆրանսիացիների ընդամենը 25 տոկոսին է բավարարում Մաքրոնի կառավարության քաղաքականությունը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար ֆրանսիացի: 2018 թվականի ապրիլին Մաքրոնի կառավարության քաղաքականության քննադատների թիվը կազմում էր 59 տոկոս: Այսօր այն հասել է 75-ի:
«Նա ուղակի պետք է լսի մարդկանց: Նա չի լսում մեզ: Տպավորությունն այն է, որ նա անում է այն ինչ կամենում է կամ որոշում իր մերձավորների հետ: Արդյունքում մենք ենք տուժում, և խնդիրները լուծում չեն ստանում»,- ասում է ֆրանսիացի Սիրիլ Բերթին:
Ֆրանսիացիների 54 տոկոսի համար, ըստ հարցման, ամենակարևոր խնդիրը գնողականության մեծացումն է: Գործազրկությունը զբաղեցնում է չորրորդ տեղը կարևորագույն խնդիրների շարքում:
Նվազել է նաև աջակցությունը «Դեղին բաճկոններ» շարժման նկատմամբ, որը անկարգություններ էր հրահրել Փարիզում:
Սակայն հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում են, որ բողոքի ցույցերը պետք է շարունակվեն: Նոյեմբերի 22-ին ցույցերի կողմնակիցների թիվը կազմում էր 66 տոկոս: