ԱՄՆ-ի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ

ԱՄՆ-ի օրենսդիրները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրաթյամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի Հանրապետոթյունում արձանագրվեցին փոփոխություններ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Այս փոփոխություններով, ըստ ամերիկացի օրենսդիրների, Հայաստանի ժողովուրդն իր աջակցույունն էր հայտնել բաց ժողովրդավարությանը: Կիրակի օրը կայացած ընտրությունները ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիք ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների ևս մեկ հնչող հաղթանակներից էր: Կոնգրեսականներն ու սենատորները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքեր գործադրել հետագա կառավարման համակարգի թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք հայ ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Ձեր ժողովրդին տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման ուղղությամբ Ձեր հաստատուն քայլերին: Մենք կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ օգնելու Հայաստանի ջանքերին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել գործել որպես անվտանգ ապաստարան կրոնական փոքրամասնությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում լքել են իրենց տները՝ բռնաճշումներից խուսափելու համար: Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով և ցանկանում ենք խթանել մեր պատմական և բարեկամական կապերը»,- գրում են օրենսդիրները:

Նամակում ամերիկացի խորհրդարանականներն ընդգծում են, որ տեղի ունեցած ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ պայմաններում և զերծ էին կոռուպցիայից ու ընտրողների նկատմամբ ճնշումներից: Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և առողջ երկխոսությունը Փաշինյանի գլխավորած վարչակազմի հետ: