Վերլուծաբան. Թեհրանի վերաբերյալ ակնկալիքներն ու իրականությունը տարբեր են

Իրանի նկատմամբ այդ երկրի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետեւանքով ընդունված ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն ակնկալվող հետեւանքների չի բերում, Վաշինգտոնում հայտարարել է Իրանական Ամերիկյան ազգային խորհրդի հիմնադիր Թրիթա Փարսին: Ելույթ ունենալով ԱՄՆ-Թուրքիա համագործակցությամբ զբաղվող SETA հիմնադրամի քննարկումներին, Փարսին նշել է, որ կես տարի առաջ պատժամիջոցներն ընդունելիս Վաշինգտոնում արագ արդյունքներ էին ակնկալում.

«Ակնկալվում էր, որ այսօր, պատժամիջոցների ընդունումից կես տարի անց, Իրանի կառավարությունը շատ ավելի ծանր վիճակում է գտնվելու, որի արդյունքում երկրում նույնիսկ զանգվածային բողոքներ կսկսվեին: Սակայն, այժմ երեւում է, որ ակնկալիքներն այնքան էլ չեն իրականանում»:

Թրիթա Փարսիի խոսքով, Վաշինգտոնի ռազմավարությանն Իրանի նկատմամբ թուլացնում է Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը եւ դեմոկրատների մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում: Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի նավթը համաշխարհային շուկայում պետք է փոխարիներ իրանական էներգակիրներին, որի արդյունքում Իրանի տնտեսությունը խորը ճգնաժամ կապրեր: Սակայն Հաշոգիի սպանությունն ու ընդհանրապես մարդու իրավունքների լրջագույն խախտումները խոչընդոտում են սաուդների հետ Թրամփի վարչակազմի արդյունավետ համագործակցությունը:

«Այսպիսով, Իրանի տնտեսությունը ճգնաժամի հասցնելու փորձերը մինչ օրս չեն իրականացել», - նշում է Փարսին:

Հադսոնի հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Փրեժենթը, համաձայնվելով Թրիթա Փարսիի մի շարք դրույթների հետ, գալիս է այնուամենայնիվ այլ եզրակացությանը.

«Իրոք, Իրանը կարծես թե բազմաթիվ ոլորտներում առ այժմ հաղթանակ է տանում, սակայն, կա մի հարթակ, որտեղ Իրանը պարտվում է՝ երկրի ներսում, քանի որ Իրանի հանրությունն արդեն իսկ մեղադրում է իշխանություններին անհաջող տնտեսական քաղաքականություն իրականացնելու մեջ»:

Փրեժենթի խոսքով, իրանական հանրությունը գնալով ավելի շատ է զգում իր վրա Թեհրանի քաղաքականության տնտեսական հետեւանքները, որը ժամանակի ընթացքում էլ ավելի է սրվելու: