ԱՄՆ-ը, Կանադան, և Մեքսիկան Բուենոս Այրեսում այսօր մեկնարկած Մեծ քսանյակի (G20) շրջանակներում նոր առևտրային համաձայնագիր են ստորագրել:
Բուենոս Այրեսում այսօր մեկնարկած Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Մեքսիկայի նախագահներն ու Կանադայի վարչապետը նոր առևտրային համաձայնագիր ստորագրեցին, որը կփոխարինի Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայանգիրը՝ NAFTA-ն:
«Սա օրինակելի համաձայնագիր է, որը ընդմիշտ կփոխի առևտրի ոլորտը: Սա այն համաձայնագիրն է, որից առաջին հերթին կօգտվեն աշխատավորները, որը այսօր չափազանց կարևոր է և բխում է մեր երեք կողմերի շահերից», - հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Գործարքը իրականություն դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը բարձրացրեց ներկրվող պողպատի և ալյումինի սակագները, որը վրդովեցրեց Կանադային և Մեքսիկային:
«Դոնալդ, ահա մեկ այլ պատճառ, որպեսզի մենք շարունակենք աշխատել պողպատի և ալյումինի սակագները վերացման ուղղությամբ», - ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Փրյուդոն:
Ըստ նոր առևտրային գործարքի՝ Կանադան կարտոնի ԱՄՆ-ի ֆերմերներին մուտք գործել Կանադայի կաթնամթերքի շուկա, սակայն վերլուծաբանների կարծիքով՝4 տոկոսը ներթափանցման չնչին ցուցանիշ Է:
«Շահույթն ու կորուստների հարաբերակցությունը անհասկանալի են. համաձայնագրի որոշ կետեր կարծում եմ պետք է վերանայվեն», - կարծում է Բրուքինգս հաստատությունից Ջոշուա Մելթզերը:
Նշենք, որ առևտրային նոր համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Միքսիկայի նախագահ Պենա Նիետոյի պաշտոնավարման վերջին օրը: Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
«Ստորագրման այս արարողությունը խոսում է այն մասին, որ Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Կանադան մոտ են ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաև՝ ընդհանուր արժեքներով և ակնկալիքներով: Մենք միասնաբար պատրաստ ենք պատմության նոր էջ բացել», - ասել է Միքսիկայի նախագահ Պենա Նիետոն:
Չնայած նոր առևտրային համաձայնագրի ստորագրմանը՝ երեք երկրները շարունակում են տասնյակ միլիարդավոր դոլարների ներկրման սակագներ վճարել:
Փեթսի Վիդակուսվարա, Վահե Օհանյան
«Ամերիկայի Ձայն», Վաշինգտոն