Մահացել է ռուսական հետախուզության ղեկավարը

Գեներալ Իգոր Կորոբով

Մոսկվայում մահացել է Իգոր Կորոբովը, որը ղեկավարել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, հայտնի որպես ԳՌՈՒ: Գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատար է դարձել, ըստ ԶԼՄ-ների, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը:

ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետը, որը ավելի հայտնի է որպես ԳՌՈՒ-ի ղեկավար, Իգոր Կորոբովը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է չորեքշաբթի օրը 63 տարեկան հասակում: Դրա մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Կորոբովը գլխավորել է ծառայությունը 2016 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Իգոր Սերգունին, ով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել էր Մոսկվայի իր տանը սրտի կաթվածից: Որոշ աղբյուրներ նշել էին, որ-Սերգունը մահացել է Լիբանանում:

Ավելի վաղ նշվում էր, որ ԳՌՈՒ-ի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու անհաջող փորձից հետո, Կորոբովին իր մոտ էր կանչել նախագահ Վլադիմիր Պուտինը: Չնայած այս տեղեկությունը չի հաստատվել, մամուլում լայնորեն ծավալվել էր քննարկում հատուկ ծառայության ղեկավարի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Նոյեմբերի սկզբին Կորոբովը բացակայում էր ԳՌՈՒ- ի 100-ամյակի տոնակատարությունից, որտեղ Վլադիմիր Պուտինը բարձր գնահատեց ռուսական հետախուզության «յուրահատուկ հնարավորությունները»:

Լոնդոնը ԳՌՈՒ-ի գործակալներին մեղադրում է Սոլիսբերիում եւ Էյմսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպելներին եւ մի քանի այլ բրիտանացիների թունավորելու մեջ: Նիդերլանդներն իր հերթին կասկածում է կառույցը Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Համաշխարհային հակադոպինգային գործակալության եւ Դոնբասում մալայզիական Boeing MH-17 ինքնաթիռի վթարը հետաքննող խմբի դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:

Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ըստ TASS գործակալության եւ «Կոմերսանտ» թերթի, Կորոբովի տեղակալ, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը նշանակվել է ԳՌՈՒ- ի ղեկավարի պաշտոնակատար: