Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խոսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է ՛՛Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր՛՛ ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեցու դահլիճում:
«Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչև թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը:
Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա և այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան և չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են:
«Հրանդ Դինքը ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե ոչ»,- ասում է գրքի հեղինակը:
Հաջյանի կարծիքով ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը:
«Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ շատ դժվար է սահմանել, ով է հայ , իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով ՝ ոչ այսօրվա Թուրքիայում» ,- ասում է Հաջյանը:
Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:
Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրեց իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների և հայապահպանության մասին: