Միջանկյալ ընտրություններից հետո երկամյա պայքարը Սպիտակ տան համար է

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, երկրի քաղաքական կուսակցություններն այժմ պատրաստվում են հաջորդ մարտահրավերին`՜2020 թվականի նախագահական մրցապայքարին:

Թրամփի աջակցությամբ նրա Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները Սենատում ավելացրին իրենց աթոռները` ավելի մեծացնելով իրենց մեծամասնությունը վերին պալատում:

Սակայն Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը նրանց տալիս է հույս, որ ընտրողների աջակցության նման պատկեր կլինի նաեւ եկող նախագահական ընտորւթյուններում` 2020 թվականին:

Ինչպես դեմոկրատ սենատոր Չաք Շումերն է ասում, հանրապետականները կորցրել են կանանց, փոքրամասնությունների, արվարձանների բնակչության աջակցությունը: Եվ այնքան մեծ է կորուստը, որ հանրապետական յուրաքանչյուր թեկնածու ու Դոնալդ Թրամփը պիտի շատ անհանգստանան:
Ի դեպ, միջանկյալ ընտրություններում Թրամփի գործոնը մեծ էր: Ինչպես վերլուծաբան Ջոն Ֆորթիերն է ասում, նրան մեծ աջակցություն էին ցույց տալիս հիմնականում հանրապետական ուղղվածություն ունեցող նահանգներում ու գյուղերում: Իսկ դեմոկրատները հաջողությունների էին հասնում քաղաքների արվարձաններում, որտեղ հիմնականում ավելի բարձր կրթություն ունեցող սպիտակամորթ ամերիկացիները հանդես էին գալիս ընդդեմ Թրամփի կողմնակիցների:

Վիրջինիայի համալսարանից Լարրի Սաբաթոյի խոքերով, դեմոկրատներն այժմ պիտի հավասարակշռեն նախագահի հետ աշխատանքը եւ նրա վարչակազմի նկատմամբ հետաքննությունները: ‘’Դեմոկրատները պիտի հիշեն, որ ունեն միայն երկու տարի ժամանակ Ներկայացուցիչների պալատից Սպիտակ տուն թռիչքին պատրաստվելու համար’’, ասում է նա:

Մեկ այլ վերլուծաբան Ջիմ Քեսսլերի խոսքերով, այն հանգամանքը, որ դեմոկրատները նահանգապետերի ընտրությունների արդյունքում հաղթել են միջին-արեւմտյան նահանգներում, եւս խոսում է 2020-ի նախագահական ընտրություններում հաղթելու մեծ հավանականության մասին:Չէ որ, ասում է նա, 2016-ի նախագահական ընտրություններում այդ նահանգներն աջակցել էին Թրամփին: Այսինքն` աջակցության սլաքն այսօր թեքված է դեմոկրատների կողմը:

Բայց մինչեւ 2020 թվականը դեմոկրատներն ունեն մի մեծ խնդիր: Այն է, թե ով կլինի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածուն: Չէ որ մարդիկ հաճախ քվեարկում են ոչ թե հանուն որեւէ կուսակցության, այլ ընդդեմ ինչոր թեկնածուի: