Մեծ Բրիտանիայի բանակում կարող են ծառայել Համագործակցության անդամ երկրների քաղաքացիները

Your browser doesn’t support HTML5

Մեծ Բրիտանիան որոշել է թույլ տալ Բրիտանական համագործակցության անդամ երկրների քաղաքացիներին ծառայել իր զինված ուժերում, նույնիսկ եթե նրանք իրենց կյանքում որեւէ անգամ չեն եղել Մեծ Բրիտանիայի տարածքում։

Բրիտանական կայսրության փլուզումից հետո հաստատվեց Բրիտանական համագործակցությունը, որն իր մեջ է ընդգրկում նախկին կայսրության մաս կազմած, անկախ երկրները։ Լոնդոնն այժմ ցանկանում է, որ այդ երկրների քաղաքացիները նույնպես ունենան իր բանակում ծառայելու իրավունք։ Կառավարությունը հայտարարում է, որ զինվորական բոլոր աստիճանները հասանելի կլինեն Համագործակցության անդամ երկրների 18-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար։

Համագործակցության անդամ երկրներից զինվորագրվելու իրավունք նախկինում ունեին նրանք, ովքեր առնվազն 5 տարի բնակվել էին Մեծ Բրիտանիայում։ Հիմա այդ սահմանափակումը հանվում է, ինչի արդյունքում սպասվում է, որ այդ երկրներից տարեկան կզինվորագրվի հավելյալ 135Օ մարդ։ Նույնիսկ նրանք, ովքեր իրենց կյանքում երբեք չեն եղել Մեծ Բրիտանիայում։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հաստատության վերլուծաբան Փոլ Բարնզի խոսքերով, այդ երկրներից կզինվորագրվեն բարձր կրթությամբ մարդիկ՝ լրացնելու համար ավելի բարդ պարտականություններ պահանջող պաշտոններ։ Բացի այդ, նրա խոսքերով, ի հայտ կգա զանազանություն տեսակետներում, որոշումներ կայացնելու հարցերում ու մշակութային առումով։


Ծառայությունը թույլ կտա այս անձանց 4 տարի անց ստանալ Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք։ Հինգ տարի ծառայելու դեպքում կստանան քաղաքացիություն։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տեղեկացրել է, որ քաղաքացիություն ստանալու հնարավորություն եւ իրավունք է տրվում, սակայն քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ մյուս պահանջները մնում են անփոփոխ։


2Օ17 թվականին հրապարակված զեկույցներից մեկի համաձայն, Մեծ Բրիտանիայի զինված ուժերում ծառայողների թվի պակասի հետ կապված ճգնաժամը ստիպել էր կառավարությանը թույլատրել նաեւ կանանց ծառայությունը բանակում։ Բրիտանական համագործակցության երկրներից ցանկացողներին զինվորագրելու որոշումն էլ ունի դեռեւս շարունակվող ճեղքվածքը փակելու նպատակ։

Բրիտանական բանակն այսօր ունի 8 հազար զինվորականի պակաս։