Վաշինգտոնը առաջիկա շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն ստանձնած դեմոկրատները վստահեցնում են, որ կերաշխավորեն փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրառումն ու պատասխանատվության կենթարկեն Թրամփին՝հասկացնելով, որ նա օրենքից վեր չի գտնվում և հաշվետու է ժողովրդի առջև:

2019 թվականի հունվարից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկտրատները վերստին գերակշռող լիազորություններ կունենան՝ Թրամփի և նրա վարչակազմի աշխատանքը հետաքննելու համար:

Կարևորագույն հանձնաժողովներում ղեկավար դիրքեր ամրագրած դեմոկրատները խոստանում են, ինչևէ, որ չեն չարաշահելու իրենց իշխանական լծակները:

«Ես չեմ պատրաստվում Հելոուինի օրվա կոնֆետների նման դատական ծանուցագրեր բաժանել աջ և ձախ: Մենք շատ գործ ունենք անելու և իմ ուշադրության կենտրոնում են նաև նախագահ Թրամփի կողմից մատնանշած դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի խնդիրն ու մի շարք այլ հարցեր»,- հայտարարել է Կոնգրեսի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատ Էլիյա Քումինգը:

Փորձագետները վստահ են,ինչևէ, որ Թրամփի և նրա վարչակազմի յուրաքանչյուր քայլը այսուհետև մշտապես լինելու է նոր Կոնգրեսի խոշորացույցի տակ:

«Մենք նախագահին պատասխանատվության կենթարկենք և նա ստիված կլինի հիշել, որ օրենքից վեր չի գտնվում և հաշվետու է ժողովրդի առջև», - հայտարարել է Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Դոնալդ Թրամփը, ինչևէ, վստահեցնում է, որ դեմոկրատների առաջիկա քայլերն իրեն քիչ են մտահոգում:

«Նրանք մեզ վրա կնայեն, մենք՝ նրանց, և այդպես շարունակ: Այս ամենը նախապատերազմական դիրքավորում է հիշեցնում», - հայտարարել է Թրամփը:

Դեմոկրատները շարունակում են բոյկոտել՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզին պաշտոնանկ անելուց հետո Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար Թրամփի նախընտրած թեկնածուի՝ Մեթ Ուիթաքերի ընտրությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մեթ Ուիթաքերը, ով նախկինում բազմիցս քննադատել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի «Ռուսաստանի գործով» հետաքննությունը, այժմ պետք է այն վերահսկի:

«Նրա թեկնածությունը ուղղակի ոտնձգություն է Ռոբերտ Մյուլլերի հետաքննության դեմ: Սա նախագահի կողմից արդարադատությանը միջամտելու ցայտուն օրինակ է», - կարծում է Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Սենատի դեմոկրատները և որոշ հանրապետականներ օրենսդրական նախաձեռնությամբ ներկայումս փորձում են կանխել Մյուլլերի հետաքննությունը կանգնեցնելուն ուղղված Սպիտակ տան փորձերը:

«Այժմ, ավելի քան երբևէ, գործող ժողովրդավարությունը պահանջում է, որպեսզի դեմոկրատներն ու հանրապետականները միավորվեն և աջակցեն Մյուլլերի հետաքննությանը: Եթե մենք թույլ տանք, որ Թրամփը հասնի իր նպատակին, մեր երկիրը կվերածվի բանանային հանրապետության», - համոզված է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին:

Սենատի բարձրաստիճան հանրապետականները հավաստիացնում են, որ Ռոբերտ Մյուլերի հետաքննությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

«Հետաքննությունը դադարեցնելուն միտված որևէ նախանշան մինչ այժմ չի բացահայտվել», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄքՔոնելը:

Սպիտակ տունը, ինչպես և նախկինում, շարունակում է հերքել պաշտոնական Կրեմլի հետ գաղտնի նախահամաձայնություն ունենալու, ինչպես նաև՝ արդարադատությանը խոչընդոտելու առնչությամբ բոլոր մեղանդրանքները:

Մինչ մեծ թվով ազատական ակտիվիստներ պահանջում են այլևս չհետաձգել Թրամփին պաշտոնանկ անելու գործընթացը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ նման քննարկումներ ծավալելը դեռևս վաղաժամ է, քանի որ ցանկացած քայլ անելուց առաջ պետք է նախ հանգամանալից քննության առնվեն բոլոր մեղադրական փաստերն ու ապացույցները:

Մայքլ Բոման, Վահե Օհանյան

«Ամերիկայի Ձայն», Վաշինգտոն