Կալիֆոռնիայում շարունակվող հրդեհների արդյունքում զոհերի թիվը հասել է 31-ի։ Հայտնի չէ ավելի քան 2ՕՕ մարդկանց գտնվելու վայրը։ Մեծաթիվ թաղամասերից ու քաղաքներից շարունակվում է մարդկանց տարհանումը։ Որոշ հատվածներում գրանցվել են թալանի դեպքեր։ Ոստիկանությունում գրանցվել են քրեական գործեր այդ առնչությամբ։
Եղանակային շատ չոր պայմաններում փչող քամին, ըստ օդերեւութաբանների, կշարունակվի մինչեւ երեքշաբթի։ Անցած 21Օ օրերի ընթացքում այս հատվածներում միայն 2 սանտիմետր անձրեւ է տեղացել, եւ այս չորության պատճառով է, որ կրակը տարածվում է մեծ արագությամբ։
Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ Ուուլսի հրդեհն այրել է 34Օ քառ. կմ տարածքը, հրշեջներին հաջողվել է մարել կրակի միայն 1Օ տոկոսը։
Ժամում 64 կմ արագությամբ փչող քամիները շարունակվում են։ Դրա արդյունքում անտառային հրդեհը մեկ օրվա ընթացքում կրկնապատկել է իր չափսերը՝ վտանգի տակ դնելով հազարավոր տներ։ Քառորդ միլիոն մարդ է ենթարկվել պարտադիր տարհանման Մալիբուի մոտակայքից, Լոս Անջելեսի եւ Վենթուրայի որոշ արվարձաններից։
Նահանգապետ Ջերի Բրաունը հորդորել է նախագահ Թրամփին այս հատվածները հայտարարել աղետի գոտի, երբ նախագահը սպառնում է կրճատել նահանգին հատկացվող գումարները՝ հրդեհի պատճառը համարելով անտառային վատ վերահսկողության արդյունք։