Որտեղ է Հաշուգիի մարմինը եւ ինչ կարող է տալ նրա սպանությունը Եմենին

Your browser doesn’t support HTML5

Սաուդյան Արաբիայի լրագրող, Վաշինգտոն Փոսթ օրաթերթի սյունակագիր Ջամալ Հաշուգիի բարեկամներն ու ընտանիքի անդամները պահանջում են, որ նրա մասունքները հանձնվեն ընտանիքին` պատշաճ կերպով հուղարկավորելու համար:

‘’Մենք ամբողջ աշխարհին ենք հորդորում’’, ասում են նրանք, որ ‘’ճնշումներ բանեցվեն Սաուդյան Արաբիայի կառավարության վրա, ստիպելու համար գտնել Հաշուգիի մարմնի գոնե որոշ մասեր’’:

Այդ կոչերին հինգշաբթի օրը միացավ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւ նույն հորդորը ներակայացրեց Սաուդյան Արաբիայի կառավարությանը: Նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ օրը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հաշուգիին սպանելով, Սաուդյան Արաբիան չի դավաճանել իրեն, տվեց բացասական պատասխան, ավելացնելով, թե հույս ունի, որ ամեն ինչ կպարզվի ու խնդիրը կլուծվի: ‘’Կարծում եմ, նրանք դավաճանել են իրենք իրենց’’, հայտարարել է Թրամփը:

Վերլուծաբաններից շատերն են ասում, թե Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Հաշուգիի սպանությունը նախապես հերքելով, այդ երկրի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հայտնվել է երերուն դիրքերում: Այդ պատճառով, ասում են նրանք, ԱՄՆ-ը հիմա ունի ավելի մեծ ասելիք` ստիպելու համար այս երկրին վերջ տալ Եմենի արյունալի հակամարտությանը, որտեղ 28 միլիոնանոց երկրի բնակչության ուղիղ կեսը կանգնած է սովի վտանգի առջեւ:

Սաուդյան Արաբիայի նկատմամբ իր քաղաքականությունը փոփոխության ենթարկելու ազդանշան էր պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունը, որը երեքշաբթի օրն ասաց, թե ժամանակն է, որ վերջ տրվեն թշնամական գործողությունները Եմենում:

Իսկ մինչ պահանջում են Հաշուգիի մարմնի մասերի փոխանցում հարազատներին, Թուրքիայից ստացվում են հաղորդագրություններ այն մասին, որ նրան սպանելուց հետո, մարմինը հավանաբար հալեցրել են թթվային ուժեղ լուծույթի մեջ: