Մրցակից կողմերը վերջին ճիգերն են գործադրում ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից առաջ կշեռքի նժարը թեքելու համար

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքի հրեական սինագոգում իրականացված սպանդը, երկրի տարբեր հատվածներում հայտնի դեմոկրատների հասցեներով խողովակային ռումբեր ուղարկելու դեպքերը, երբ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, սրում են երկրում արդեն իսկ առկա լարվածությունը։

՝՝Երկիրը ցավի մեջ է։ Ու նման դեպքերն Ամերիկայում դժբախտաբար սկսել են ընդունել պարբերական բնույթ՛՛, ասում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ջոն Հուդաքը՝ խոսելով հրեական սինագոգում իրականացված սպանդի մասին։
Ասվածը կարծես շարունակելով՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընն ասում է, թե ՝՝երբեմն թվում է, որ զայրույթը, ատելությունն ու արատավորությունը սկսում են գերիշխել այստեղ։ Այդ պատճառով մեր ղեկավարների պարտքն է այս մթնոլորտը հանդարտեցնելը, լարվածության ջերմաստիճանն իջեցնելը եւ ազգային երկխոսության դերը բարձրացնելը՛՛, ասում է նա։


Դեմոկրատներից շատերն են համոզված, որ քաղաքական մթնոլորտի լարվածության խորացմանը նպաստում են նախագահի կողմնակալ հարձակումները։ Մի բան, ինչը հերքում է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը։ Նախագահ Թրամփն իր հերթին երդվում է գործուն կերպով, մինչեւ Կոնգրեսի ընտրությունները պայքարել հանրապետականներին աջակցելու համար այնպիսի կարեւորագույն հարցերում, ինչպես ներգաղթի խնդիրն է։ Նրա խոսքերով, Դեմոկրատական կուսակցությունը բացահայտ կերպով աջակցում է, որ անօրինական փախստականները խախտեն օրենքներն ու սահմանները եւ սնանկացնեն երկիրը՛՛։
Դեմոկրատներն այս օրերին շարունակում են շեշտը դնել առողջապահական խնդիրների վրա, եւ հույս ունեն ընտրությունների արդյունքում վերականգնել իրենց մեծամասնությունը Կոնգրեսում։ Սակայն հանրապետականները, ըստ ամենայնի, կարող են պահպանել մեծամասնությունը վերին պալատում՝ Սենատում։


Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի կարծիքով, այն փաստը, որ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում վերջերս հաստատվեց հանրապետական Բրեթ Քավանոն, եւս կարող է օգնել հանրապետականներին այս ընտրությունների ժամանակ։

Իսկ մեծամասնություն կազմելու հարցը շատ կարեւոր է կողմերի համար։ Դեմոկրատական մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը կարող է արգելափակել Թրամփի ծրագրերը եւ սկսել հետաքննությունների մեծ շարք նրա վարած Սպիտակ տանը՝ բարդացնելով 2Օ2Օ թվականին նրա վերընտրվելու հնարավորությունը։