Մի կին պնդում է, որ ԱՄՆ-ի հատուկ հետաքննիչին վարկաբեկելու համար իրեն կանխիկ դրամ են խոստացել

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է հետաքննություն մի կնոջ գործով, որը պնդում է, թե իրեն 2Օ հազար դոլար են առաջարկել, եթե համաձայնի սեռական անարգանքի մասին մեղադրանքներ ներկայացնել ընդդեմ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի։

Լրատվական որոշ ծառայություններ տեղեկացնում են, որ իր ինքնությունը գաղտնի պահելու ցանկություն արտահայտած այս կինը պնդում է, թե Հանրապետական կուսակցության ակտիվիստ, աջթեւային ռադիոշոու վարող Ջեք Բըրքմանն իրեն առաջարկել է կանխիկ դրամ, եթե ինքը հայտարարի, որ Մյուլլերն իրեն սեռապես անարգել է մի քանի տասնամյակ առաջ, երբ 197Օ-ականներին իրենք միասին աշխատել են Հետաքննությունների դաշնային բյուրոյում։

Հիշեցնենք, որ Մյուլլերը հետաքննում է այն մեղադրանքները, ըստ որոնց նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի անդամները գաղտնի հանդիպում են ունեցել ռուսների հետ՝ նպատակ ունենալով միջամտել 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում։ Նա նաեւ հետաքննում է պարզելու համար, թե արդյոք Թրամփը փորձել է խանգարել քննության ընթացքը։

Բըրքմանը հերքում է այս կնոջ խոսքերը, սակայն սոցիալական լրատվամիջոցներում նա վերջերս էր գրել էր, որ շուտով ներկայացնելու է հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի սեռական զոհերից առաջինի մասին տեղեկություններ։