Բոլթոն. Հայաստանը կարող է ավելի տեսանելի դառնալ համաշխարհային ասպարեզում

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում, Երեւանում «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը.

«ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շատ բարձր առաջնահերթություն է վարչակազմի համար»:

Բոլթոնի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Հայաստանին աջակցություն թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, եւ թե՛ Հայաստանի զարգացման հարցում: Ուղղակի օգնության տրամադրման ժամանակները սակայն անցել են, այսօր Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին ոչ թե ամերիկյան օգնությունն, այլ՝ ամերիկյան ուղիղ ներդրումներ, նշում է պաշտոնյան.

«Ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է, եւ ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը»:

Հայաստանի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանի հետ միասին հասնել ղարաբաղյան հարցում փոխադարձ համաձայնության, ավելացնում է Բոլթոնը.

«Եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կբացվի»:

Ջոն Բոլթոնը Երեւանում խոսել է նաեւ Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հեռանկարների մասին.

«Ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում»:

Երեւանում առանձին քննարկումներ են ընթացել հայ-իրանական սահմանի վերաբերյալ՝ ամերիկյան պատժամիջոցների լույսի ներքո.

«Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»: