Իրավապաշտպանները պահանջում են, որ Թուրքիան հարգի լրագրողների իրավունքները

Your browser doesn’t support HTML5

Եթե Թուրքիան պահանջում է Ստմաբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշուգի սպանության գործով լիակատար հետաքննություն, շատերն են ասում, որ իշխանությունները թող նախ եւ առաջ մտածեն հենց Թուրքիայում հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ արդարադատություն սկսելու մասին։

Թուրքիայում 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իրենց աշխատանքներից զրկված ավելի քան 13Օ հազար մարդ դեռեւս սպասում են իրենց հարցի արդար լուծմանը։ Ինչպես Amnesty International մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունն է հայտնում, կառավարությունը շատ դեպքերում չի էլ ներկայացրել զանգվածային ձերբակալություններն արդարացնելու համար անհրաժեշտ տվյալներ։ Իսկ պետական աշխատանքներից հեռացված անձանցից շատերն այսօր հայտնվել են աղքատության գրկում։
Ինչպես Amnesty International-ի աշխատակիցներից Միլենա Բույումն է պարզաբանում, այս մարդիկ հայտնվել են սեւ ցուցակի մեջ, ինչը նույնիսկ մասնավոր սեկտորում աշխատանք գտնելու հարցում է նրանց առջեւ փակում դռներ։

Միջազգային ճնշումների ներքո Թուրքիան հիմնել է վճռաբեկ հանձնաժողով, որը ստացել է 125 հազար դիմում։ Ուսումնասիրվել է դրանց միայն մեկ երրորդը։ Այդ մեկ երրորդի յուրաքանչյուր տասը դիմորդից միջին հաշվով միայն մեկն է հասել հաջողության։

Հեղաշրջման փորձից հետո աշխատանքներից ազատվել էին այն անձինք, ովքեր բաժանորդագրվել էին ինչ որ թերթերի, եղել էին արհեստակցական միությունների անդամներ։ Սակայն այդ ամենն անօրինական չի համարվել մինչեւ հեղաշրջման փորձը, ասում է Բույումը։
Հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում փոքր չի եղել ձերբակալված լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպան խմբերի անդամների ձերբակալությունների թիվը։

Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշուգիի սպանությունը խստորեն դատապարտող Թուրքիայի նախագահ Էրդողանին մարդու իրավունքների պաշտպան խմբերը մեղադրում են երկակի չափանիշներով առաջնորդվելու մեջ։

՝՝Մենք ուզում ենք, որ լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող Թուրքիայի կառավարությունը, Սաուդյան Արաբիայի լրագրողի հետ կապված այս փաստն օգտագործի որպես հնարավորություն՝ լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու իր քաղաքականությունից հրաժարվելու համար՛՛, ասում է Human Rights Watch կազմակերպությունից Լուիս Շարբոնեոն։

՝՝Մենք ուզում ենք, որ Թուրքիան իր իսկ լրագրողների նկատմամբ կիրառի այնպիսի արդարադատություն, ինչպիսին պահանջում է սաուդցի լրագրողի գործի առնչությամբ՛՛, ասում է Բույումը։

Թուրքիայում արտակարգ իրադրության ժամանակահատվածում ձերբակալված անձանց դատավարությունները դեռեւս ընթացքի մեջ են, որոնց շարքում կան ոչ միայն տասնյակ լրագրողներ, այլեւ Amnesty International-ի ակտիվիստներ։