Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան ընթանում է նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերման հայտարարության ներքո: Ազգային անվտանգության խորհրդականը հանդիպումներ է անցկացնում ռուսասատնցի իր գործընկերների հետ Մոսկվայում: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:
Ռուսական կողմը խիստ քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի այդ հայտարարությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել են, որ պայմանագրից միակողմանի հեռացումը վտանգավոր է աշխահի համար: ՄՆ-ի նախագահի որոշումը քննադատության է ենթարկվել նաև ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից: Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մտահոգություն է հայտնել սպառազինության մրցավազքի վերսկսման առիթով:
Հիշեցնենք, որ Մոսկվա այցելությունից հետո սպասվում է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցն Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Վերլուծաբանները կարևորում են այցի նշանակությունը:
«Դա տարածաշրջանային այց է: Ինչպես իր թվիթերյան գրառման մեջ էր նշել պարոն Բոլթոնը, նա այստեղ է ժամանում ծանոթանալու տարածաշրջանի հետ, ամերիկյան շահերը ներկայացնելու ու իրավիճակը տեղում գնահատելու համար»,- նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Միջազգայնագետն ընդգծում է այցի կարևորությունը հատկապես Հայաստանի համար:
«Սա բացառիկ այցելություն է, և Հայաստանի համար չափազանց կարևոր, քանի որ, ինչպես գիտեք, Բոլթոնը լուրջ ազդեցիկ գործիչ է ոչ միայն Միացյալ Նահանգներում և ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության հարցերում: Նա լուրջ ազդեցություն ունի նախագահ Թրամփի վրա, ում հետ ջերմ հարաբերությունների մեջ է, և համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկը»,- ասում է միջազգայնագետը:
Սարգսյանի կարծիքով այս այցը լավ հնարավորություն է Հայաստանի իշխանությունների համար կապ հաստատել ամերիկյան գործող վարչակազմի հետ: Սակայն միջազգայնագետը կոչ է անում չմոռանալ, որ այցը տարածաշրջանային է և հաշվի առնել, որ ամերիկյան կողմը մեծ հետաքրքրություններ ու շահեր ունի նաև Բաքվում ու Թբիլիսիում:
«Կարծում եմ, որ սա Հայաստանի համար առաջին հերթին ոչ թե նոր բացվող հորիզոն է, այլ հնարավորություն ավելի սերտ աշխատել Թրամփի քաղաքական թիմի հետ, մի բան, որ երկար ժամանակ չէր հաջողվում մեր ամերիկահայ համայնքին ու լոբիստական կառույցներին»,- ասում է Սարգսյանը:
Սարգսյանն առաջարկում է Բոլթոնի հետ հետագա հարաբերությունները մշտապես պահել ամենաբարձր մակարդակի վրա:
«Կարծում եմ, որ Բոլթոնի հետ կապը պետք է մշտապես պահի հենց վարչապետը, այլ ոչ թե այլ կառույցներ, օրինակ անվտանգության խորհուրդը, որը մեծ հաշվով հավասարազոր կառույց է, բայց այն չկայացած է մեզ մոտ, ուստի անիմաստ է, որ կապը պահվի այդ միջոցով»,- ընդգծում է Սարգսյանը:
Ջոն Բոլթոնը Մոսկվայում իր այցն ավարտելուց հետո կժամանի նախ Բաքու, այնուհետև` Երևան և Թբիլիսի: