ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Մեքսիկայի սահման, եթե հոնդուրասցի փախստականները մուտք գործեն Մեքսիկա

Your browser doesn’t support HTML5

Դոնալդ Թրամփը սպառնում է, որ զինված ուժեր կուղարկի երկրի հարավային սահմաններ, եթե Մեքսիկան չկանգնեցնի Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ ուղղություն վերցրած հազարավոր միգրանտներին: Փախստականների հարցն էլ լինելու է ԱՄՆ-ի պետքարուղար Մայք Փոմփեոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոյի միջեւ խոսակցության գլխավոր առարկան:
Նախագահը Մոնթանայում հինգշաբթի օրն անցկացված հանրահավաքի ժամանակ հանրապետականների աջակիցներին ասել է, թե անօրինական փախստականների հսկայական ներհոսքի մեղավորները դեմոկրատներն են:
Այս 4 հազար միգրանտների երթն էլ պատահական չէ, ասել է Թրամփը, միեւնույն ժամանակ հույս հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը թույլ չի տա, որ նրանք մուտք գործեն Մեքսիկա:
Մեքսիկան արդեն իսկ մի քանի հարյուր թվակազմով ոստիկանական ուժեր է տեղաբաշխել Գվատեմալայի հետ իր սահմանին:
Թրամփն ասում է, թե դեպի ԱՄՆ ուղղություն վերցրած 3 հազար միգրանտների մեջ կան հանցագործներ, որոնք գալիս են Հոնդուրասից եւ նպատակադրվել են ԱՄՆ հասնել Գվատեմալայի ու Մեքսիկայի տարածքներով:
Թրամփը նաեւ սպառնացել է դադարեցնել Հոնդուրասին հատկացվող օգնությունը, եթե այստեղ չկասեցվի արտագաղթողների հոսքը:

ԱՄՆ հասնելու նպատակ ունեցող այս անձանցից շատերը փորձում են խույս տալ իրենց կյանքին իրենց հայրենիքում սպառնացող վտանգներից եւ հեռու պահել իրենց երեխաներին այնտեղ տարածված ավազակախմբերից: