Մեկ շաբաթ է անցել Ջամալ Հաշուգիի անհետացումից, ում ճակատագիրը մնում է անհայտ: Իրավիճակին արձագանքել է նաև նախագահ Թրամփը:
«Այս զարգացումները մեզ մոտ չեն, այլ Թուրքիայում: Նա մեր քաղաքացին չէ, սակայն The Washington Post-ի լրագրող է նման բաներ չպետք է կատարվեն: Մենք մտադրված ենք բացահայտել ճշմարտությունը»,- ասել է նախագահը:
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը հետաքննողներ է ուղարկել Թուրքիա, որոնք համագործակցում են Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ:
«Մենք կապ ենք հաստատել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ: Ինչպես հասկանում եմ, նա ուղևորվում է Սաուդյան Արաբիա: Մենք նրան ասել ենք, որ ակնկալում ենք տեղեկություններ վերադարձից հետո»,- ասում է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը:
Նախագահ Թրամփը, ում առաջին օտարերկրյա այցը նախագահի պաշտոնում եղել է Սաուդյան Արաբիա, ընդգծել է, որ դեմ է Սաուդյան Արանբիայի հետ ռազմական գործարքի չեղարկմանը:
«Նրանք 110 միլիարդ դոլար են ծախսում մեր զենքերը գնելու համար: Եթե մենք չվաճառենք իրենց, նրանք կգնեն զենքերը Ռուսաստանից կամ Չինաստանից: Դա մեր շահերից չի բխում, քանի որ կտուժեն մեր աշխատողներն ու ընկերությունները: Մենք կարող ենք ուրիշ կերպ վարվել»,- ասել է նախագահ Թրամփը:
Ամերիկացի օրենսդիրները Թրամփին են դիմել նամակով ՝ պահանջելով հետաքննությոն իրականացնել Հաշուգիի ճակատագիրը պարզելու համար: Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանաբար կողմ կլինի պատժամիջոցների սահմանմանը և կարող է արգելափակել գործարքի վավերացումը:
«Կոնգրեսը իհարկե առաջ կտանի այս մոտեցումը, հատկապես նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին, սակայն ես չեմ կարծում պատժամիջոցներ կիրառվեն Սաուդյան Արաբիայի դեմ»,- ասում է Կադիր Ուստունը SETA հիմնադրամից:
Կադիր Ուստունն ընդգծում է Թրամփի սերտ համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, որը կարևոր հանգամանք է պատժամիջոցների սահմանումը կանխելու հարցում: