Թրամփի ու Ռոզենստայնի միջեւ նախատեսված հանդիպումը հետաձգվեց

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնի պաշտոնավարման ժամկետի շուրջ քննարկումներ անցկացնելու համար նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսած հանդիպումը փոխադրվել է հաջորդ շաբաթ:


Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսն ասել է, թե Թրամփն ու Ռոզենստայնն այս համաձայնությանն են եկել, որպեսզի չխանգարեն Սենատի դատական հարցերով հանձնաժողովի լսումները, որի ընթացքում վկայություններով են հանդես գալիս Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Բրեթ Քավանոն եւ Քրիսթին Ֆորդը, որը Քավանոյին մեղադրում է անչափահաս տարիքում իրեն սեռական բռնության ենթարկելու մեջ:

Թրամփը, ըստ որոշ տեղեկությունների, մտադիր է պաշտոնից ազատել Ռոզենստայնին, որը վերահսկում է 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության հարցով սկսված հետաքննությունը:
Նախագահը բողոքում է ռուսական միջամտության հարցով արդարադատության նախարարության կողմից ամիսներ շարունակվող հետաքննության կապակցությամբ, սակայն Թրամփի ու Ռոզենստայնի միջեւ լարվածությունը հատկապես սրվեց, երբ ‘’Նյու Յորք Թայմս’’ օրաթերթը գրեց այն մասին, որ Ռոզենստայնն ինքն է առաջարկել գաղտաբար ձայնագրել Թրամփին, փաստեր հավաքելու համար նախագահի պաշտոնում Թրամփի անհամապատասխանությունն ապացուցելու նպատակով:

Ռոզենստայնը երկու հայտարարություններով հերքել է այս մեղադրանքները: