Ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաշվի առնելով այն, որ մեր տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական արտադրանք, ինչպես նաև մոլախաղեր, ընդերքի արտահանում, այս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել։ Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռևերսի, փոփոխության շրջանում մենք նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, «երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով»:
«Բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: