Արագությունը փոխած՝ «Ֆլորենս»-ն ավելի վտանգավոր է դարձել

Ատլանտյան օվկիանոսից ԱՄՆ-ի արևելյան ափ հասած՝ «Ֆլորենս» ծովամրրիկը 14 մարդու կյանք է խլել, բազմաթիվ ճանապարհներ և փողոցներ ավերել. շուրջ 800,000 տներ զրկվել են էլեկտրականությունից:


Արևադարձային փոթորկի վերածված՝ «Ֆլորենս» ծովամրրիկը կիրակի օրը փոխել էր արագությունն ու աղետալի ավերածություններ առաջ բերել Հարավային Կարոլինայում: Նահանգապետի փոխանցմամբ՝ տեղաբնակներին և փրկարարներին հաջողվել է շուրջ 900 մարդու կյանք փրկել:

«Անկախ նրանից, թե Հյուսիսային Կարոլինայի որ հատվածում եք ապրում, զգույշ եղեք անսպասելի հեղեղներից ու հաճախակի հետևեք եղանակի տեսությանն ու պատրաստ եղեք ավելի անգտանգ վայր տղափոխվել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մի վարեք ձեր մեքենան, եթե ճանապարհը թաց է, քանի որ անգամ մի քանի սանտիմետր բարձրությամբ ջուրը կարող քշել, տանել ձեր մեքենան»:

Հյուսիսային Կարոլինայի ափամերձ Նյու Բեռն քաղաքի բնակիչները ամենաշատն են տուժել փոթորկի՝ վերջին օրերին առաջացրած հեղեղներից: Շատերը լքել են իրենց տները, իսկ ոմանք հրաժարվել են հեռանալ:

«Ահա թե ինչ է մնացել մեր մեկուկես հարկանի ավտոտնակից,գաղափար չունեմ, թե ուր է մյուս կեսը», - ասում է Նյու Բեռնի բնակիչ Լեյ Բելլը:

Թեև ուժգին քամիներն ու հորդառատ առանձրևները ողողել-տարել են ավտոտնակի մի մասը, փոխարենը նրան նավ են բերել:

«Չգիտեմ, թե որտեղից է «Միս Սքարլետը» անունով նավը այստեղ հայտնվել: Հավանաբար մոտակայքում է կայանած եղել նախքան փոթորիկը», - ասում է Լեյ Բելը:

Ջո Սիմոնսը Հյուսային Կարոլինա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում է ականատես եղել սարսափելի փոթորկի հետևանքներին:

«Այն, ինչ տեսա անցած գիշեր, սարսափելի էր: Կարծես զգայինք՝ ինչպես են տան պատերը մաս-մաս պոկվում, լսում էինք մեխերի, տախտակների և կատաղի քամու ձայնը, որոնք ուղեկցվում էին կայծակի և ամպրոպի որոտներով»:

Նախօրեին Ֆլորենս ծովամրրիկը շարժվել էր դեպի Հարավային-Կարոլինա նահանգի խորքը՝ մոտենալով մայրաքաղաք Կոլումբիայից 50 կմ հարավ-արևմուտք ընկած շրջաններին`ափից մոտավորապես 250 կմ հեռավորությամբ: Ըստ օդերևութաբանների, այսօր և երեքշաբթի ծովամրրիկը կշարժվի դեպի Օհայո գետի հովիտ և ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ: