NAFTA համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են:
Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիսթիա Ֆրիլանդն ընդգծում է, որ վերջին քննարկումների ընթացքում հնարավոր է եղել հասնել որոշ առաջընթացի: Կանադայի վարչապետն էլ իր հերթին պնդում է, որ համաձայնությունը պետք է փոխշահավետ լինի:
«Մենք շատ ենք աշխատում այս ուղղությամբ և համոզված ենք, որ հնարավոր է հասնել համաձայնության: Անհրաժեշտ է ընդամենը աշխատել: Մեքսիկայի, Կանադայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերջին 25 տարիների ընթացքում մեծ հնարավորություններ են ստեղծել այս երկրների համար: Այժմ ժամանակն է վերանայել NAFTA-ն: Այն պետք է լինի փոխշահավետ բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Ջասթին Թրյուդեն:
Միացյալ Նահանգներն արդեն հասել է համաձայնության Մեքսիկայի հետ: Նախագահ Թրամփը սպառնում է, որ կանադական կողմի հետ համաձայնության բացակայության պարագայում Վաշինգտոնը կառաջնորդվի Մեքսիկայի հետ երկկողմանի համաձայնագրով:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս քննադատել է NAFTA համաձայնագիրը, որն ըստ նախագահի, վնաս է հասցրել ամերիկյան արդյունաբերական ներուժին:
Կանադայի, Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային շրջանառությունը տարեկան հասնում է մոտ 1 տրիլիոն ամերիկյան դոլարի: