ԱՄՆ-ը դեմ է Միջազգային դատարանում իր քաղաքացիների դեմ գործեր հարուցելու հնարավորությանը

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորել է Քրեական հանցագործությունների հարցերով միջազգային դատարանին հեռու մնալ Աֆղանստանում ամերիկացիներին դատավարության ենթարկելու մտադրությունից։ Նրա խոսքերով, այս կառույցն ընդհանրապես ՝՝հիմնովին անօրինական՛՛ կառույց է։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարում է, թե Քրեական հանցագործությունների հարցերով միջազգային դատարանը որեւէ իրավասություն չունի ամերիկացիների նկատմամբ, քանի որ, ասում է նա, Միացյալ Նահանգները այդ պայմանագրի անդամ չէ։ Աֆղանստանում կալանավորված անձանց նկատմամբ ամերիկացի զինծառայողների կողմից իրականացված բռնությունների մասին մեղադրանքները կհամարվեն ԱՄՆ-ի ինքնիշխանության լուրջ ոտնահարում, ասել է նա։ Բոլթոնն ասել է նաեւ, թե իր երկիրը կկիրառի ՝՝ամեն միջոց՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար՛՛։

Բոլթոնն ասում է, թե դատարանը չունի անկողմնակալություն դրսեւորելու մեխանիզմներ եւ բողոքում է, որ այդ դատարանն ունի այնպիսի անդամ պետություններ, ինչպիսիք են ոչ ժողովրդավարական Վենեսուելան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, նաեւ ոչ անկախ պետություն համարվող Պաղեստինյան իշխանությունը։
՝՝Մենք չունենք այս դատարանի կարիքը, որը մեզ կասեր, թե որոնք են մեր պարտավորությունները՛՛, ասել է Բոլթոնը։

Թե ինչու Բոլթոնը ընտրեց միջազգային դատարանի դեմ ճակատամարտ սկսելու մասին որոշում, մեծաթիվ վերլուծաբանների համար զարմանալի փաստ է։ Չէ որ ասում են նրանք, դատարանն այս պահին ամերիկացիներին դատի ենթարկելու որեւէ ծրագիր ներկայումս չունի։
Նրանցից Ստիվըն Փոմփըրն ասում է, թե շատ դժվար կլիներ դատական գործ հարուցել այն երկրի քաղաքացու դեմ, որը չի համագործակցում այդ դատարանի հետ։ Եվ Բոլթոնը, նրա խոսքերով, Քրեական հանցագործությունների հարցերով դատարանի դեմ շարունակում է այն պայքարը, որը նա սկսել էր դեռեւս Բուշի վարչակազմում աշխատելու տարիներին։

՝՝Հիմա նման խոսքերը մի տեսակ սեպ են խրում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի միջեւ, որոնք այս դատարանի անդամներ են եւ որոնք դատարանի հանդեպ ունեն միջազգային պարտավորություններ՛՛։

Վերլուծաբանը Բոլթոնին քննադատում է հիմնականում այն բանի համար, որ ըստ նրա, Բոլթոնը դատարանի հետ համագործակցելու դեպքում իր դաշնակիցներին սպառնում է պատժամիջոցներով։ Ի վերջո, միջազգային կազմակերպություններից հետ կանգնելու փաստը չի բխում ԱՄՆ-ի շահերից, քանի որ, ասում է նա, այն վնասում է իր շահերն ու արժեքները միջազգային ասպարեզում պաշտպանելու ԱՄՆ-ի կարողությունները։