Վաշինգտոնն ու Լոնդոնը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են նախապատրաստում

Your browser doesn’t support HTML5

Արեւմուտքի կողմից Մոսկվայի դեմ միջազգային նորմերը խախտելու հետեւանքով ընդունված տնտեսական պատժամիջոցները Կրեմլի պահվածքը չեն շտկում, նշում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության պաշտոնյաները: Այդ պատճառով Վաշինգտոնում ու Եվրոպական մայրաքաղաքներում քննարկվում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների ընդունման հեռանկարը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպման ընթացքում Ռուսաստանը կրկին հերքում է Բրիտանիայում արգելված նյութով թունավորման դեպքերի եւ Ռուսաստանի միջեւ կապը: ԱՄՆ-ի հայտարարում է, որ դա արդեն վատ ավանդույթ է դարձել:

«Ռուսաստանի հերքումները բոլորիս ծանոթ սցենարով են ընթանում: Այդ երգը մենք արդեն լսել ենք՝ Ղրիմից մինչեւ մալայզիական օդանավի կործանում, Դոնբասից մինչեւ Լիտվինենկոյի սպանություն: Այս ստերը շարունակվում են եւ երգը միշտ մեկն է՝ իբր Ռուսաստանը դրա հետ կապ չունի: Սակայն, ոչ ոք այլեւս դրան չի հավատում», - նշում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

Սենատի լսումներին Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն ընդգծում է՝ պատժամիջոցները Ռուսաստանին լուրջ տնտեսական խնդիրների առջեւ են կանգնեցրել, սակայն, չեն փոխել Պուտինի պահելաձեւը:

«Պատժամիջոցները չեն հարկադրել Պուտինին լքել Սիրիան կամ Ուկրաինան, կամ դադարեցնել մեր դեմ ուղղված քարոզչությունը»:

Բրիտանիայի անվտանգության նախարարը համակարծիք է. «Այսօրվա նրանց պատասխանը վկայում է, որ նրանք մտադիր չեն փոխել իրենց մոտեցումները»:

Վլադիմիր Պուտինը Մոսկվայի դեմ պատժամիջոցները «անիմաստ եւ ոչ կառուցողական» է անվանում. «Հույս ունենք՝ ամերիկացի մեր գործընկերները կգիտակցեն այդ քաղաքականության անարդյունավետությունը եւ գործնական համագործակցություն կսկսեն»:

ԱՄՆ-ում ու Եվրոպայում սակայն պատժամիջոցներն արդարացված են համարում:«Պատժամիջոցները բարոյական պատիժ են ծայրահեղ ապօրինի գործողությունների համար, նույնիսկ եթե դրանք չեն փոխում Պուտինի պահելաձեւը»:

Բրիտանիան ընդգծում է՝ եթե Ռուսաստանին սեփական քաղաքացիների կյանքը չի հետաքրքրում, դա չի նշանակում, որ նրա գործողություններն անպատիժ կմնան:

«Մենք պատժելու ենք մեր ոճով, ցույց տալով, որ նման պահվածքն անընդունելի է, սակայն, մենք ավազակներին չենք նմանվելու», - նշում է Բրիտանիայի անվտանգության նախարարը:

Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները կոշտ պատժամիջոցներ են պատրաստվում ընդունել Ռուսաստանի դեմ՝ այլ երկրների ինքնիշխանությունը խախտելու համար: