Թրամփի աջակիցները հերքում են Սպիտակ տանը «Լուռ դիմադրության» գոյությունը

Your browser doesn’t support HTML5

Նյու Յորք թայմս օրաթերթի վերջերս հրապարակած հոդվածը այն մասին, թե Թրամփի վարչակազմի որոշ անդամներ «զսպում են» նրա «վատագույն հակումները», քաղաքական ասպարեզում մեծ աղմուկ է բարձրացրել:

Ֆլորիդա նահանգում հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հերքել է նախագահ Թրամփին վատաբանող «Նյու Յորք Թայմս» օրաթերթի հոդվածը:

«Ցանկացած մեկը, ով հիանալի առաջնորդ հանդիսացող այս նախագահին վարկաբեկող անանուն հոդված կարող է գրել, չպետք է աշխատի այս վարչակազմում: Նման անձինք պետք է պատվով հեռանան»,- ասում է նա:

Փենսը, պետքարտուղար Մայք Փոմփեոն և այլ պաշտոնյաներ, նույնիսկ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք չեն հոդվածի անանուն հեղինակները:

Հոդվածի հեղինակը գրել է, որ ինքը Թրամփի վարչակազմում «լուռ դիմադրության» մի մասն է, ովքեր զսպում են նախագահի, այսպես ասած, «վատագույն հակումները»:

ԱՄՆ-ի նախագահն, ինչպես միշտ, իր զայրույթն արտահայտել է թվիթերյան գրառումով, ապա` հարցազրույցի ժամանակ հավելել,- «Երկու տարվա ընթացքում ոչ ոք երբևէ այնքան բան չի արել, որքան մենք: Այդ անանուն հեղինակը մեկն է, ով հավանաբար ձախողում է վարչակազմում: Նյու Յորք Թայմսը նույնպես ձախողում է»:

Շատ դեմոկրատներ, այդ թվում նաև Մասաչուսեթսի սենատորներից Էդ Մարքին այլ կարծիք ունեն: «Ամենից անհանգստացնողն այն է, որ Սպիտակ տանը կա ինչոր մեկը, ով վախենում է, որ այս պետությանը վնասում են ամեն օր: Կարծում եմ սա լուրջ պետք է ընդունել»:

Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի կարծիքով, այս հոդվածը նախագահի համար քաղաքական ազդեցություն գրեթե չի ունենա:

«Չեմ կարծում, թե սա կփոխի մարդկանց կարծիքը Դոնալդ Թրամփի մասին: Նրանք սիրում կամ չեն սիրում Թրամփին, և ծանոթ են նրա կերպարին»:

Այս վերջին սկանդալը նույնպես վկայում է այն մասին, որ Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփը կլինի հիմնական հարցը: