Հնդկաստանի Գերագույն դատարանն ընդունեց որոշում, որով վերացրեց գաղութատիրական ժամանակաշրջանի օրենքը և ապաքրեականացրեց նույնասեռականների միջև հարաբերությունները:
Հինգշաբթի օրը դատարանը հայտարարեց իր որոշման մասին՝ պատասխանելով մի խումբ անձանց ներկայացրած հայցին: Հայցվորների ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ նույնասեռականները տարիներ ի վեր ապրում են վախի մթնոլորտում և ճնշումների ու հետապնդումների ենթարկվում ոստիկանության կողմից:
Լսումների ընթացքում դատարանի մոտ հավաքված մարդիկ ոգևորությամբ ընդունեցին դատարանի որոշումը:
«Չափազանց երջանիկ եմ նման որոշման ընդունման համար: Շատ հուզված եմ»,- ասում է Gaylaxy հանդեսի հիմնադիր Սուխդիպ Սինքխը:
«Ես շատ ոգևորված եմ և չափազանց երջանիկ այս որոշման համար: Շուրջ 30 տարի այս հարցի շուրջ ընթանում են իրավական քննարկումներ: Վերջապես երջանիկ եմ, որ կարող եմ արձանագրել, որ հանցագործ չեմ այլևս այս երկրում»,- ասում է Հնդկաստանի նույնասեռական քաղաքացի Աբհիշեք Դեսային:
Օրենքը նախկինում նշում էր, որ նույնասեռականների միջև սեռական հարաբերությունները դեմ են բնության օրենքներին:
2009 թվականին այս օրենքը չեղարկվել էր Նյու Դելիի դատարանի կողմից, սակայն 4 տարի անց Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել այն: