Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Ինտերֆաքս»-ի հրապարակմանը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում: «Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում, հատկապես, որ դա կապված է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քննվող գործի հետ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ իրավապահ համակարգի անանուն աղբյուրին, գրել է, թե ՌԴ-ն կմերժի Հայաստանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում, քանի որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ՌԴ անձնագիր ունի: Նշվում է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: Գործակալության աղբյուրը նշել է, որ ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում: Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: