Թուրքական լիրայի ճգնաժամն իր ազդեցությունն է թողել Հյուսիսային Սիրիայի այն շրջաններում, ուր թուրքական բանակի օգնությամբ հաստատվել են ընդդիմադիր զինյալները:
Այստեղ ևս գրանցվել է գների աճ: Թուրքիայի բանակը 2016 թվականին օժանդակել է Ազազ քաղաքի գրավմանը ընդդիմադիր զինյալների կողմից: Ռազմական գործողությունների դադարից հետո Անկարան օգնում է վերականգնել այս շրջանի տնտեսությունը:
Թուրքական կողմն աշխատավարձ է վճարում տեղի աշխատակիցներին ու զինյալներին: Սակայն ֆինանսական ճգնաժամն անդրադարձել է նաև զինյալների ստացած աշխատավարձի վրա: Վերջիններս զգալիորեն տուժում են ֆինանսապես լիրայի արժեզրկման պատճառով:
Վերջին տարիներին Սիրիան վերածվել էր տարածաշրջանային և գլոբալ տերությունների միջև պայքարի թատերաբեմի, և այդ երկրներում ընթացող գործընթացներն անմիջական ազդեցություն են ունենում Սիրիայի վրա: Այս պահին ԱՄՆ-ը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շարունակում են զորքեր պահել Սիրիայում:
Այս երկրներից յուրաքանչյուրն ունի ազդեցության իր գոտին: Թուրքիայի ազդեցության տակ գտնվող շրջաններում Անկարան ֆինանսավորում է նաև կրթական ու առողջապահական ոլորտներն ու տեղի ոստիկանական ուժերի վերապատրաստումը:
Տեղի բնակչությունն աշխատավարձ է ստանում թուրքական լիրայով, որի արժեզրկումը մտահոգում է մարդկանց, սակայն Սիրիայի պառակտվածության պատճառով վերջիններս զերծ են որևէ այլընտրանքից: