Այս ամիս Վաշինգտոնը վերահաստատեց պատժամիջոցները Թեհրանի դեմ, որոնք հանվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրի ստորագրման արդյունքում: Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը խստորեն դատապարտել էր համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն չի սահմանափակում Թեհրանի ակտիվությունը Մերձավոր Արևելքում:
«Նշեմ, որ ամերիկյան քաղաքականությունը նպատակ չունի փոխել Իրանի վարչակարգը: Մենք ցանկանում ենք մեծ փոփոխություններ տեսնել Իրանի գործելաոճում»,- հայտարարել է Բոլթոնը:
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոյեմբերին գործի կդնի պատժամիջոցների նոր փաթեթը, որը կթիրախավորի Թեհրանի նավթամթերքի վաճառքն ու բանկային համակարգը:
Բոլթոնը հավաստիացրել է, որ բացի պատժամիջոցներից կլինեն նաև այլ տեսակի ճնշումներ:
«Վարչակարգի ձեռքի տակ եղած հնարավորությունների կրճատման հետևանքներն արդեն որոշ չափով նկատելի են Սիրիայում, Իրաքում և հավանաբար՝ Եմենի Հութի զինյալների օժանդակության հարցում, և դա չափազանց կարևոր է: Բացի տնտեսական պատժամիջոցներից, մենք պատրաստվում ենք դիմել այլ միջոցների՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- հայտարարել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ նախկինում Բոլթոնը հանդիսացել է Իրանում վարչակարգի փոփոխության ջատագովներից մեկը: