Կոսովոյի ու Սերբիայի առաջնորդները մտադիր են փոխանակել տարածքներ

Your browser doesn’t support HTML5

Տասը տարի է անցել այն օրից, երբ Կոսովոն իր անկախությունը հռչակեց Սերբիայից: Եվ տասը տարի շարունակվում են կողմերի միջեւ թշնամանքը եւ անհամաձայնությունները: Սերբիան, ի շարս մի շարք այլ երկրների, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Բայց այժմ երկու եկրների առաջնորդները ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք, գործարք միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին: Ըստ ծրագրի Սերբիան Կոսովոյի հյուսիսից կստանա հիմնականում սերբերով բնակեցված մի տարածք, Կոսովոն Սերբիայից կստանա հիմնականում ալբանացիներով բնակեցված Պրեշեվոյի շրջանը:

Բայց մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ նման քայլը կարող է ‘’քանդել մեղվի բույնը’’: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, այն կարող է դառնալ անկայունության պատճառ: ‘’Կարող են բռնություններ ու բախումներ սկսվել ե՛ւ Կոսովոյում ե՛ւ Սերբիայում’’, ասում է նա:

Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանից Դեյվիդ Քանինը նշում է, որ Եվրոպայի պատմությունը շատ հաճախ է շփվել սահմանային փոփոխությունների հետ:

Եվրոպական միությունն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկեկ: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը մերժում է սահմանային որեւէ փոփոխություն ու հայտարարում, որ Արեւմտյան Բալկանների տարածքային ամբողջականությունն անշրջելի է:

ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է: Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ին է տեղեկացրել Պետդեպարտամենտը, ‘’վճիռը պիտի բխի երկու կողմերից’’:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերն էլ գտնում է, որ եթե Կոսովոն ու Սերբիան կարողանան գալ համաձայնության, որը կտանի դեպի հարատեւ խաղաղության, դրանից հետո կողմերը կճանաչեն մեկը մյուսին: ‘’Կարծում եմ, որ այս ձեւով Սերբիան կշահի քաղաքականորեն, իսկ Կոսովոյի առջեւ կբացվեն առաջ շարժվելու ուղիներ’’, ասում է նա:

Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Դեռեւս մի շարք հարցեր պարզ չեն: Օրինակ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը, արդյո՞ք նման փոփոխությունը չի ազդի տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ որ ամենակարեւորն է, արդյո՞ք երկու կողմերում ընդդիմությունը չի կասեցնի տարածքային փոփոխությունների գնալու Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդների միջեւ սկսված գործընթացը: