Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարին զրկեցին խորհուրդներ տալու հնարավորությունից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զրկել է Կենտրոնական հետախուզական վարչության ախկին ղեկավար Ջոն Բրենանին գաղտնի տեղեկություն ստանալու իրավունքից: Ըստ նախագահի, որոշման համար հիմք է հանդիսացել Բրենանի անընդունելի վարքագիծը գործող վարչակազմի նկատմամբ:

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը լրատվամիջոցներին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը զրկվում է խորհուրդներ տալու նպատակով անվտանգության հարցերով գաղտնի տեղեկություն ստանալու իրավունքից:

«Չկա որևէ հիմք պարոն Բրենանին թույլատրելու ստանալ գաղտնի տեղեկություն: Նախևառաջ, վարչակազմի պաշտոնյաների ստացած որևէ տեղեկություն պարոն Բրենանի կողմից հավասարազոր չէ այն վնասին, որը հասցվել է վերջինիս անհուսալի վարքագծի պատճառով: Երկրորդը, նրա այդ վարքագիծը, որին բազմիցս ականատես ենք եղել, անցել է բոլոր հնարավոր սահմանները, որոնք ընդունված են արհեստավարժ միջավայրում»,- հայտարարել է Սանդերսը՝ կարդալով նախագահի հայտարարությունը:

Անցած ամիս մամլո ասուլիսի ընթացքում Բրենանը նախագահ Թրամփի վարքագիծը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում որակել է որպես «սովորական դավաճանություն»:

Թվիթերյան իր գրառման մեջ Բրենանը նշել է, որ Թրամփի գործունեությունը ուղղված է ազատ խոսքի և այլակարծության ճնշմանը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը պետք է անհանգստացնի բոլոր ամերիկացիներին ներառյալ հատուկ ծառայությունների մասնագետներին:

Գաղտնի տեղեկություն ստանալու իրավունքից Բրենանին զրկելու որոշումը դեմոկրատ սենատոր Ջոն Վորներին հիշեցնում է նիքսոնյան ժամանակաշրջանը:

«Մարդկանց զրկումը կամ զրկման գործընթաց սկսելը հիշեցնում է նիքսոնյան շրջանի գործելաոճը, երբ լռեցվում էր նախագահին քննադատելու յուրաքանչյուր փորձ»,- հայտարարել է սենատորը:

Սակայն հանրապետական սենատոր Ռենդ Փոլը համամիտ չէ և ընդգծում է, որ Բրենանի վարքագիծը պաշտոն զբաղեցնելուց և դրանից հետո ի ցույց է դնում, թե ինչու նա պետք է զրկվի գաղտնի տեղեկություն ստանալու իրավունքից: